ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ 4 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ պաշտոնյայի համար մութ է մնացել՝ ինչու 2016 թվականի Ապրիլյան պատերազմից 24 օր հետո երեք գեներալներ պաշտոնանկ եղան: Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Տեղեկություն կար, որ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն այն սխեմայի մասին, որով պաշտոնյաների ընտանիքի անդամի կողմից հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ են կատարվել:
Եվ, ահա, 4 տարի անց նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել եւ Կոմիտաս Մուրադյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Կոմիտաս Մուրադյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու 2016 թվականին Սերժ Սարգսյանը իրեն ազատեց պաշտոնից, ինչ կապ ունի նա կամ իր ընտանիքը բանակին մատակարարվող ապրանքների եւ դրանց մասով հարուցված քրեական գործերի հետ:
-Պարո՛ն Մուրադյան, 4 տարի առաջ Ձեզ ՍերԺ Սարգսյանը ազատեց ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից: Այդպես էլ շատերի համար մութ մնաց, թե ինչ էիք արել, ինչ բացթողում էիք թույլ տվել, որ պաշտոնից Ձեզ ազատեցին:
-Ցանկանո՞ւմ եք՝ ազնվությամբ իմանաք:
-Իհարկե:
-Ինձ համար էլ մինչեւ հիմա մութ է, ամենայն ազնվությամբ եմ ասում:
-Մի շարք վարկածներ առաջ քաշվեցին Ձեր ազատման մասով: Դուք, լինելով ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, կապի ոլորտում բացթողումներ եք թույլ տվել: Ի՞նչ հարցում թերացաք, Ձեզ հարց չտվեցի՞ք:
-Ձեզ մեկ բան կասեմ. Ապրիլյան պատերազմից հետո, երբ ես իմ պաշտոնը հանձնեցի, ինչպես գիտեք, ես հիվանդանոցում եմ եղել, երբ ինձ ազատել են պաշտոնից, ուրեմն այդ տարի կապի զորքերը դարձել էին Զինված ուժերի լավագույն զորքերը: Սա երեւի ամեն ինչի պատասխանը կտա:
-Ձեր ազատման հետ կապված այլ տեղեկություններ կան: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ձեր որդին եւ Ձեր բարեկամները մասնակցել են Պաշտպանության նախարարության կարիքների համար հայտարարված մրցույթներին, այսպես ասած՝ տենդերին, եւ բանակին կապի տարբեր տեխնիկական միիջոցներ են մատակարարել: Արդյունքում բացահայտվել է, որ այդ ապրանքները բանակին մատակարարվել են շուկայականից բարձր գնով: Ասել է թե՝ բանակի հաշվին գումար են աշխատել, եւ, ահա, հետագայում պարզվել է, որ այդ տեխնիկայի որակական հատկանիշները վատ են եղել, եւ զինվորները այն նպատակին չեն կարողացել ծառայեցնել, եւ մի բան էլ թանկ են բանակին մատակարարվել: Արդյունքում հարուցվել է քրեական գործ: Ահա, սա էլ դարձել է Ձեր ազատման հիմքերից մեկը:
-Դա հերյուրանք է եղել, իմ ազգականներից ոչ մեկ զինվորական չեն եւ բիզնեսում չկան ընդհանրապես: Ես, ընդհանրապես, նման բաների մեջ չեմ թաթախվել, հերյուրանքներ են գրել: Աստված իրենց հետ: Ես քրեական գործով ընդհանրապես չեմ անցել, նման բան ընդհանրապես չի եղել:
-Այսինքն՝ Դուք վստահ պնդում եք, որ քրեական գործով չեք անցել, կամ Ձեր բարեկամները բանակի հետ բիզնեսի մեջ չեն եղել:
-Ոչ, ոչ, մեկ որդի ունեմ, որ այստեղ չի եղել, Ռուսաստանում է եղել, հետո եկել է անտառտնտեսություններ էր ստեղծում, հետո ինձ հանեցին, ինքն էլ գործից դուրս եկավ, թե հանեցին: Մի խոսքով, ես ինքս նման բաների մեջ չեմ թաթախվել, ինչպես նաեւ իմ որդին:
-ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Ձեր՝ պաշտոնի նշանակման հարցում ի՞նչ դերակատարություն ունի:
-Անդրանիկ Քոչարյանին ես ճանաչում եմ որպես փոխնախարար, որ ինքը եղել է, շատ հարգում, ընդունում եմ իրեն: Ես եղել եմ Երասխավանի գումարտակի հրամանատար, ինքը փոխնախարար է եղել:
-Այսինքն՝ Ձեր նշանակման հարցում ինքը դերակատարում չի՞ ունեցել:
-Ոչ մեկ:
-Այդ դեպքում ո՞վ է միջնորդել, որ Ձեզ կրկին պաշտոն տան:
-Ես ինքս արդեն 9 ամիս է՝ գլխավոր շտաբում աշխատում էի: Նախարարը եւ գլխավոր շտաբի պետը, քանի որ ինձ ճանաչում էին, իմ աշխատանքը տեսել էին, որոշեցին, որպեսզի ես վերականգնվեմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՓԵՍԱՆ
Հունվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության պետի պաշտոնից Ջոն Ֆարխոյանի ազատվելուց հետո նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Անրի Վարդանյանը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել է ՔԿ-ի պաշտոնական կայքէջից: Նշենք, որ Անրի Վարդանյանը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: Անրի Վարդանյանը 2018թ. եղել է ՊԵԿ «Զվարթնոց»-ի մաքսատան պետը:

 

 

H1N1-Ի ԴԵՊՔԵՐ
Երեւանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում գրանցվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին: Նշենք, որ փետրվարի 7-ին 1800 աշակերտից 552-ը բացակայել են: «Դպրոցում երկու հերթափոխ ունենք. առաջին հերթափոխով սովորում է 1500 աշակերտ, նրանցից 452-ը բացակա են, իսկ 2-րդ հերթափոխով մոտ 300 աշակերտից բացակա է 100-ը: Դեռեւս չգիտենք, թե բացականերից քանիսն են հիվանդացել այդ գրիպով, քանի որ ոչ բոլորին են ծնողները հիվանդանոց տանում կամ դպրոց տեղեկանք բերում»,- նշել է Ստեփանյանը: ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 6-ին հայտարարություն էր տարածել, որ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե՛ ամբուլատոր-պոլիկլինիկական եւ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե՛ շտապ օգնության կանչերում:

 

 

900 ԳՐԱՄ «ԿԵՏԱՄԻՆ»
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները, որի արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ: Տեղեկություններ են ձեռք բերվել, որ Ս.Հ-ն իր մաքսանենգ նկրտումներն իրականացրել է համերկրացու հետ: Ավիացիոն անվտանգության հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իրանի քաղաքացու ուղեբեռի մաքսային զննմամբ սուրճի 49 փաթեթում հայտնաբերվել է 1 կգ 335 գրամ ընդհանուր քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութ, որը նա պատրաստվում էր տեղափոխել 3-րդ երկիր: Հարուցվել են քրեական գործեր:

 

 

ՑՈՒՐՏ ՑԻԿԼՈՆ
Այսօր կեսօրից հետո՝ դեպի երեկո, ՀՀ տարածք սկսելու է ներխուժել ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ այսօր՝ երեկոյան ժամերից մինչեւ փետրվարի 9-ի առավոտ, հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: «Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերակասույցով: Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով»,-նշել է նա:

 

 

 

18 ԱՂԲԱՄԱՆԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում հանցավոր խումբ է ստեղծվել, որի նպատակն է եղել հափշտակել «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանները: Նրանք աղբամանները բարձել են «Գազել» մակնիշի 34 AN 271 հաշվառման բեռնատարը ու տարել:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էդվարդ Կուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Երեւան քաղաքի Նուբարաշեն 11-րդ եւ 15-րդ փողոցներում տեղադրված «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող 100.000 ՀՀ դրամ արժողությամբ աղբամանները գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթ Թովմաս Միրզոյանի հետ, 2019 թվականի սեպտեմբերի 16-ին վերջինիս պատկանող «Գազել» մակնիշի, 34 AN 271 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով գնացել է նշված վայրեր, որտեղ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին թվով 18 հատ աղբամանները տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի թափքում, որից հետո դրանք տեղափոխել են իրեն պատկանող Երեւան քաղաքի Նուբարաշեն Ա թաղամաս 86-րդ հողակտոր հասցե եւ այդկերպ հափշտակել դրանք՝ «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի՝ 1.800.000 դրամի գույքային վնաս:
Թովմաս Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Երեւան քաղաքի Նուբարաշեն 11-րդ եւ 15-րդ փողոցներում տեղադրված «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատկանող եւ 100.000 ՀՀ դրամ արժողությամբ աղբամանները գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթ Էդվարդ Կուրեղյանի հետ, վերոնշյալ բեռնատար ավտոմեքենայով գնացել են նշված վայրեր, որտեղ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին թվով 18 հատ աղբամանները տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի թափքում, որից հետո դրանք տեղափոխել են իրեն՝ Էդվարդ Կուրեղյանին պատկանող Երեւան քաղաքի Նուբարաշեն Ա թաղամաս, 86-րդ հողակտոր հասցե եւ այդկերպ հափշտակել դրանք՝ «Սանիթեք» ՍՊ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի՝ 1.800.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Վերոնշյալ անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի աշխատակիցները ցանկանում են իրենց գույքը՝ աղբամանները, սակայն «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները թույլ չէին տալիս, ուստի չի բացառվում, որ նրանք էլ այս ճանապարհով են փորձել խնդրին լուծում տալ եւ հայտնվել են իրավապահների տեսադաշտում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆՈՐ ՉՎԵՐԹՆԵՐ
Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երեւան-Լառնակա(Կիպրոս)-Երեւան երթուղով չվերթները կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից: Դրանք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:




Լրահոս