Աթենա Մանուկյանն ակնհայտորեն կրկնօրինակում է Բեյոնսեին. Ջուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աթենան նմանակում է Բեյոնսեին, նրա վատ տարբերակն է: Երգչուհին ակնհայտորեն կրկնօրինակում է հայտնի աստղին, իսկ դա այն երեւույթն է, որ տանել չեմ կարողանում: Իհարկե, Աթենան ունի լավ պոտենցիալ, սակայն ես կցանկանայի տեսնել նրան այնպիսին, ինչպիսին ինքը կա: Նկատելի է նաեւ, որ մեր մասնակիցը մաքուր է երգում, մնում է՝ ինքն իրեն գտնի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց երգչուհի Ջուսը՝ անդրադառնալով «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի հնարավորություններին:

Նշենք, որ Աթենան հանդես է գալու «Chains on you» երգով: Մեր պատվիրակն ընտրվեց Առաջին ալիքի ուղիղ եթերում «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մրցութային համերգին, որը տեղի ունեցավ փետրվարի 15-ին:

Ջուսի համոզմամբ՝ Աթենայի երգը առօրյայում լսելու համար լավն է, բայց «Եվրատեսիլ»-ի համար բոլորովին մրցակցային չէ. «Միջազգային այդ մրցույթի համար թույլ երգ է ընտրված: Ի վերջո, խոսքը երգի մրցույթի մասին է, ոչ թե վոկալի կամ շոուի: Թեեւ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է, չեմ կարծում, որ մենք այս տարի հաղթելու որեւէ շանս ունենք»:

Ջուսը կարծում է, որ եթե տարիներ առաջ «Եվրատեսիլ»-ը կարելի էր լուրջ մրցույթ համարել, ապա վերջին տարիներին այն բավականին անլրջացել է. «Տարիների ընթացքում մրցույթը քաղաքականացվեց, օգտագործվեց քարոզչական նպատակներով, մոռացվեց, որ երգը պետք է լինի առաջին տեղում»,-եզրափակեց երգչուհին:

Հավելենք, որ «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) եւ հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։
Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց 60 միավոր, հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 58, իսկ sms քվեարկության արդյունքում՝ 50 միավոր: Աթենա Մանուկյանն ընդհանուր վաստակեց 168 միավոր։

Աննա Բաբաջանյան




Լրահոս