ՍԱԼԻԿՆԵՐԸ ԳԻՊՍ ԵՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ որոշում է կայացվել՝ հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետեւանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու համար։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող մաքսային տեսուչին 2015թ. ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։ Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից եւ Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես շինարարական գիպս՝ նվազեցնելով մաքսային արժեքը, եւ ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել եւ իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործը ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շարունակությունն է: Հիշեցնենք, որ Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անցնելու համար, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ ժամանակ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր, որն այսօր կալանքի տակ է ԱԱԾ նկուղում: Եւ հիմա կարելի է ասել` ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնատար անձանց եւ Ֆինանսների նախարարության պաշտոնյաների մասով լուրջ հետքի վրա է դուրս եկել:

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ՀՀ նախագահին է ներկայացնելու ՀՀ ոստիկանապետի եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին: Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Եվ վաղը կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները: «Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր, որ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Ասել է թե՝ ԱԱԾ տնօրենի մասով արդեն ներքին խոսակցություններ կան, որ որոշումը կայացվել է: Իսկ ի՞նչ է սպասվում ՀՀ ոստիկանապետի մասով: Իշխանությունների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ամենայն հավանականությամբ, ոստիկանապետ կնշանակվի Արման Սարգսյանը: Նկատենք, սակայն, որ վարչապետն ամբողջությամբ օգտագործեց ժամկետները եւ այս ընթացքում նոր նշանակում չարեց՝ թողնելով, որպեսզի ներկայիս պաշտոնակատարներն աշխատեն, ինքնադրսեւորվեն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել՝ արդյոք վերոնշյալ պաշտոնյաները վերանշանակվելու են վաղը: Ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ չի կարող մեկնաբանել, տեղեկություն ունենալու դեպքում այն կհրապարակվի պաշտոնապես: Մենք նաեւ հետաքրքրվեցինք` վաղը կլինի նշանակում, թե, արտակարգ դրությամբ պայմանավորված, այն, հնարավոր է, հետաձգվի, թեեւ ՀՀ օրենսդրությունը հետաձգում չի նախատեսում: Ի պատասխան՝ խոսնակը նշեց. «Իրավիճակը չի խանգարում, սակայն ինֆորմացիա չունեմ՝ կլինի նշանակում, թե ոչ»:

 

 

 

Չնայած այժմ Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ՌՈ օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունում Ռազմական ոստիկանության պետի նշանակման հարցում քննարկվում է եւս մեկ թեկնածուի անուն: Ինչպես հայտնի է, բանակում առկա որոշակի ժամանակահատված առաջացած անկառավարելի իրավիճակի պատճառով աշխատանքից ազատվեց ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, եւ այժմ այդ կառույցն ունի միայն պաշտոնակատար: Ու մինչ Ալեքսանդր Աղաջանյանը աշխատանքներ է իրականացնում ու փորձում ամեն ինչ անել` ՌՈ պետի պաշտոնին մնալու համար, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ-ում ՌՈ պետի պաշտոնում քննարկվում է նաեւ Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի անունը: Սակայն նկատենք, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին ազատել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Եվ, ըստ մամուլի հրապարակումների, Նահապետյանի ազատման պատճառը աշխատակիցների բողոքն է եղել։ Եվ, ահա, չի բացառվում, որ ՌՈ պետ նշանակվի հենց Արտակ Նահապետյանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմն է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի հետ: «Ես բացարձակ նման խոսակցություններ չեմ ունեցել: Հիմա հանգստանում եմ, ոչ մի բանով չեմ զբաղվում: Եթե հրաման կտան, ապա ես ծառայել եմ 25 տարի, նորից կշարունակեմ ծառայել»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք անհամապատասխանություններ: Խոսքը վերաբերում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությանը՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հիմնադրամի կողմից շահագործվել են թվով 2 Toyota Prado եւ Nissan Altima մակնիշի ավտոմեքենաներ, որոնց շահագործման նպատակով 2017-ին ծախսվել է 5182, իսկ 2018-ին՝ 4275 լիտր վառելիք: Բայց, արի ու տես, ծառայողական ավտոմեքենաները, առանց համապատասխան հրամանների եւ ձեւակերպման, շահագործվել են նաեւ ոչ աշխատանքային եւ տոն օրերին, իսկ այդ օրերին վառելիքի ծախսը ներառվել է աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարված ծախսի մեջ: Ի դեպ, 2018 թվականի օգոստոսին 30 հազար դրամի շրջանակներում ամբողջապես փոխվել են հիմնադրամի ծառայողական ավտոմեքենաներից մեկի արգելակման կոճղակները, սակայն հետո պարզվել է, որ կոճղակների փոխարինում կատարվել է նաեւ նույն տարվա հոկտեմբերին, այսինքն՝ մեկ ամիս անց: Բայց հիմնադրամը չի բացառել, որ դա կարող է կապված լինել շուկայում առկա անորակ պահեստամասերի հետ: Այլ կերպ ասած, այդպես էլ անհայտ է մնում՝ արգելակման կոճղակները վնասվել էին, թե ոչ:




Լրահոս