Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Առողջապահության նախարարությունը հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարին միանում են նաեւ մարզային հիվանդանոցները, եւ վերապրոֆիլացումից հետո այնտեղ կկարողանան ընդունել կորոնավիրուսով վարակվածներին: Ընդ որում, նշվում էին կարճ ժամկետներ՝ ասելով, թե երկու-երեք օրում այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե վարչապետի կողմից նշված մարզային Մարտունի, Դիլիջանի, Սպիտակի եւ Վեդու բժշկական կենտրոններում համապատասխան աշխատանքները շարունակվում են: Մամուլի խոսնակը նաեւ դժվարացավ ժամկետներ նշել, թե, ի վերջո, երբ այդ հիվանդանոցները պատրաստ կլինեն: Ինչպես հայտնի է, եւ ինչպես նշել էր Փաշինյանը, շուրջ 200 կորոնավիրուսով վարակված անձ սպասում է իր հոսպիտալացման հերթին, եւ ուրեմն ստացվում է՝ նոր մահճակալների եւ հիվանդանոցների կարիքը պետք է օր առաջ լրացնել: Սակայն, ինչպես արդեն հայտնեց մամուլի խոսնակը, դեռ հստակ ժամկետներ չկան: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես մարզային հիվանդանոցներում վերապրոֆիլացումը խնդիրների է հանգեցնում, եւ հնարավոր չէ 2-3 օրում դրանք արագ կազմակերպել, եւ անգամ նշվում է, որ դրանք պատրաստ կլինեն հիվանդ ընդունել միայն 20-30 օր հետո: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է զրուցել տվյալ բուժհաստատությունների տնօրենների հետ, սակայն նրանք մշտապես զբաղված էին այդ աշխատանքներով, իսկ ներկայացուցիչներն էլ մեզ հետ զրույցում նշում էին, թե քննարկումներն ու այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ինչեւէ, փորձեցինք ոլորտի մասնագետ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանից պարզել՝ ինչ է պետք հիվանդանոցները վերապրոֆիլացնելու համար, եւ արդյոք ուշացած չէր այն հիմա իրականացնելը: «Այո, կարելի է նախապատրաստել, այնքան էլ բարդ գործընթաց չէ: Հիվանդանոցներում հիմնականում պետք է հոսքերի տարանջատման խնդիր լինի, քանի որ այլ հիվանդներ են ընդունվում: Պետք է համապատասխան ախտորոշման եւ ախտահանման համար ստորաբաժանումներ ստեղծվեն, արտահագուստներ տրամադրվեն, շնչառական սարքավորումների տրամադրում, նաեւ մոնիտորներ», – նշեց նա: Մկրտչյանն ամեն դեպքում նկատեց, որ սա պետք է վաղուց արվեր, եւ ընդգծեց, որ վերապրոֆիլացումը կախված է նաեւ հիվանդանոցների մեկնարկային վիճակից: Հավելենք, որ այս հարցում պետք է հիվանդանոցներին օգնի Առողջապահության նախարարությունը, սակայն ժամկետները դեռ հայտնի չեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պահանջ են դրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում գրի եւ հեռանա համակարգից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն է, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Ու դա է պատճառը, որ իշխանությունները չեն ընդունում Վարդազարյանին, ու հստակ է, որ նա եւս պետք է առաջիկայում հրաժեշտ տա: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունները ճշտել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, որը հայտարարեց, թե ինքը նման տեղեկություն չունի: Գաղտնիք չէ, որ դատավորները, այդ թվում՝ ԲԴԽ անդամները, այսպես ասած, վեթթինգի են ենթարկվելու, կամ ինչպես իշխանության անդամներն են սիրում ասել, ստուգվելու է նրանց ունեցվածքը, բարեվարքությունը: Սակայն, մյուս կողմից, նրանք չեն ցանկանում այդքան երկար սպասել, մինչ գործընթացը կսկսվի, եւ փորձում են համակարգը «մաքրել» նախ այլ մեթոդներով եւ ճնշել նախկին իշխանությունների հետ կապեր ունեցող դատավորներին: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նրանցից մեկն է: Վերջինիս «ամենաբացասական» կողմն էլ Արթուր Վանեցյանի հետ մտերիմ լինելն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կարող է հետեւանքներ ունենալ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար: Նախ նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հունիսի 8-ին որոշում էր կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նրա օգնական Գոռ Վարդանյանի նկատմամբ։ Դատավոր Դավիթ Բալայանի որոշման համար հիմք էր հանդիսացել հանցակազմի բացակայությունը։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գործի կարճման հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ քրեական հետապնդումը դատավորի նկատմամբ սկսվել է շատ ավելի շուտ, քան դիմել են Բարձրագույն դատական խորհուրդ: Այսինքն, իրենք պետք է դիմեին ԲԴԽ, ապա նոր դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեին, ինչը, սակայն, չի արվել: Այս ամենից հետո դատական համակարգում քննարկում են, որ այս իրավիճակի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: Եվ եթե պարզվի, որ Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը քրեական հետապնդումը սկսել են ավելի շուտ, քան դիմել են ԲԴԽ, ապա այս ամենի պատասխանատվությունը կրելու է հենց Դավթյանը: Եվ հիմա բոլորը շունչը պահած սպասում են հետագա զարգացումներին:
Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 26 մլրդ 923 մլն 600 դրամ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 5.9 տոկոսով պակասել է: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առեւտուրը կանգնած է: Պատճառը ոչ միայն աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, այլեւ այն է, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել: Կհիշեք՝ ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Բացի այս, Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին առեւտրի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 8.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը եւս նվազել է՝ կազմելով 10.1 տոկոս: Իսկ, ահա մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին պակասել է 7.3 տոկոսով: Բայց, ըստ մասնագետների, այս ցուցանիշները սպասելի էին, քանի որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին լարված է. կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը չի կարող չազդել առեւտրի եւ բիզնեսի վրա: