ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ տեսչական մարմնի ողջ կազմի մասնակցությամբ անցկացվել է հեռավար ժողով։ Պահպանելով սոցիալական հեռավորությունը մյուսներից՝ Ավագյանը համակարգչի դիմաց խոսել է առանց դիմակի, որպեսզի հեռավար ժողովի շուրջ 150 մասնակցին առավել լսելի լինի իր խոսքը։
Քննարկման առանցքում եղել են կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր, առաջին կիսամյակում և հատկապես արտակարգ դրության շրջանում արձանագրված խնդիրները և դրանց հրատապ լուծում տալու քայլերը։ Հատուկ անդրադարձ է կատարվել, թե ինչպես են ընթանում աշխատանքներն ԱԱՏՄ բժշկասանիտարական յոթ հսկիչ կետերում, մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանում, Մեղրիի, Բագրատաշենի անցակետերում։
Ի մի են բերվել ուժեղացված վերահսկողական աշխատանքների արդյունքները, որոնք ողջ երկրով մեկ ինտենսիվ իրականացվում են ինչպես տարածքային կենտրոնների, այնպես էլ վարչությունների կողմից։
«Համաճարակային այս իրավիճակը մեր տեսչական մարմնի համար լուրջ փորձություն և քննություն է։ Թիմային մոտեցմամբ պետք է տարեվերջին հպարտությամբ արձանագրենք մեր աշխատանքի բարձր արդյունքը։ Ընթացիկ խնդիրներ շատ կան, բայց դրանք րոպե առաջ լուծելն օրախնդիր է։ Համաճարակով պայմանավորված արագ փոփոխվող այս իրավիճակում ԱԱՏՄ-ն հրատապ կարգավորումներ ու լուծումներ է տալիս, արագ կանոնակարգումներ են ձեռնարկվում։ Սա արտակարգ իրավիճակ է, և մեր խնդիրն է՝ շարունակել աշխատել ջանքերի գերլարումով ու առանց թերացումների։ Ամեն մեկի սխալը բոլորինս է, արդյունքը՝ եւս»,-շեշտել է ԱԱՏՄ ղեկավարը։
Նրա խոսքով՝ ԱԱՏՄ նյութատեխնիկական խնդիրները նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավվել են․ «այնինչ մեկ տարի առաջ անգամ նվազագույն միջոցները չունեինք»։
Հակոբ Ավագյանը միաժամանակ գոհունակություն է հայտնել աշխատանքի որոշ ուղղություններում ցուցաբերված պատասխանատվության և մասնագիտական բարձր պատրաստվածության համար։