Արթիկցին դանակահարել է կնոջ քրոջ 21-ամյա որդուն, ով փորձել է հարթել կենցաղային վեճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

21-ամյա երիտասարդը դանակահարվել է՝ վիճաբանությանը միջամտելու ժամանակ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արթիկ
քաղաքի բնակչի կողմից 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու
ուղղությամբ:

2020 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Արթիկի բնակիչը, ով ոստիկանության
ծառայող է, ահազանգել, այնուհետև՝ զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ իր հետ նույն փողոցում բնակվող
հարևանի տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարվել է երիտասարդ:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ,
այդ թվում՝ շարժառիթը:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Արթիկ քաղաքի
48-ամյա բնակիչը գնացել է իր կնոջ քրոջ տուն, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել քենակալի հետ և հայհոյել,
որի ժամանակ դանակով հարվածել է վիճաբանությունը հանդարտեցնել փորձող կնոջ քրոջ 21-ամյա որդու
կրծքավանդակին և հեռացել դեպքի վայրից:

Ճանապարհին 48-ամյա տղամարդը հանդիպել է դեպքի վայր ժամանող ոստիկանության ծառայողներին և
հայտնել, որ ինքն է դանակով հարվածել կնոջ քրոջ որդուն, որից հետո բերման է ենթարկվել և բացատրություն տվել
դեպքի շուրջ:
Երիտասարդին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման
մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով, նյութերի նախապատրաստման ընթացքում,
նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ ստացած մարմնական վնասվածքը` կրծքավանդակի ձախ կեսի
կտրած-ծակած, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով թափանցող վերքի ձևով, հասցվել է սուր ծակող-կտրող
գործիքով, և առաջացրել է կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս
պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար
ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Կատարվում է նախաքննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն
ապահովելու ուղղությամբ:




Լրահոս