Հուլիսի 12-ից հետո հայ-ադրբեջանական սահմանում հարաբերական հանգիստ է. այսպիսով ինչ իրավիճակ է եղել երեկ: Հուլիսի 14-ից` ժամը 18:00-ից սկսած լարվածության աստիճանական նվազում է նկատվել, մոտ կեսգիշերից (ժ. 00:15) կրակի գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել՝ չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր՝ հրետանային միջոցներ և այլն, մինչ այդ որոշակի ակտիվություն եղել է:
Արցախյան հատվածում իրավիճակը հանգիստ է եղել: ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ը խոցել է ևս երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում: Ընդհանուր խոցվել է հակառակորդի շուրջ 10 միավոր ԱԹՍ:
Հակառակորդի հաստատված զոհերի թիվը 12 է, սակայն այն, ամենայն հավանականությամբ, վերջնական չէ:
Հուլիսի 12-ից ընթացող մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք երկու տասնյակ վիրավոր։ Այս պահին ոնենք 10 վիրավոր, որոնք բուժում են ստանում բժշկական հաստատություններում։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է: Որևէ բնակավայրից որևէ տարհանում չի եղել։
Ադրբեջանական ԶՈՒ այս օրերին կիրառել են իրենց տրամադրության տակ առկա գրեթե բոլոր տրամաչափի հրաձգային զենքերը (գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն), տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122մմ և ավելի մեծ տրամաչափի։ Հարվածային դրոններից առաջին անգամ գործողություններում կիրառել են SkyStriker տեսակի ԱԹՍ-ն։