Հայաստանյան դեղատներում այս օրերին իմունիտետ բարձրացնող դեղերի դեֆիցիտ է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան դեղատներում այս օրերին վիտամինային, այլ կերպ ասած՝ իմունիտետ բարձրացնող դեղերի դեֆիցիտ է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք այցելելով դեղատներ՝ պարզում են, որ C վիտամին (եթե կա, ապա սահմանափակ քանակությամբ), ցինկ կամ երկաթ չկա: Դեղատան աշխատողները պատճառաբանում են, որ կորոնավիրուսի պատճառով դրա պահանջարկը բարձրացել է, ինչի արդյունքում եղածն էլ սպառվել է. պատվիրում են, բայց չեն ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց. «C վիտամինի խնդիր չկա, ներմուծում ենք եւ կա տեղական արտադրություն, իսկ ցինկը մեր դաշտում չէ, դա սննդային հավելում է»: Ստացվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարեւոր եւ պահանջված ցինկը նախարարության դաշտում չէ: Մինչդեռ մասնագետների պնդմամբ՝ իմունային համակարգն ամրապնդելու միջոցներից մեկը ցինկն է. այս հանքանյութն օգնում է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Նույն մասնագետների խոսքերով՝ ցինկը կարող է կարեւորագույն դեր ունենալ ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի հաղթահարման գործում։ Բայց, արի ու տես, հայաստանյան դեղատները ցինկով ապահովված լինել-չլինելու հարցը նախարարության լիազորություններից դուրս է: Դեղատներում նաեւ հակաբիոտիկների դեֆիցիտ է: Օրինակ՝ այս օրերին «Ազիմակ» կոչվող հակաբիոտիկ չկա դեղատներում: Բժիշկները դրա փոխարինողն են նշանակում պացիենտներին: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ բժիշկը դեղատոմսում միանգամից նշում է մի քանի հակաբիոտիկների անուններ՝ լավ իմանալով, թե որը կարող է պացիենտը գտնել դեղատնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս