Չնայած երեկ տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններ եւ ԿԳՄՍ նախարարի եւ փոխնախարարի հովանավորյալ թեկնածու Դիանա Գալոյանը ընտրվեց, սակայն մյուս կողմից նոր բարդություններ առաջացան, եւ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:
Բանն այն է, որ համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատաև Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի հիմքով դատարանը կասեցրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները, սակայն մյուս կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել էր դատարան՝ խնդրելով վերացնել հայցի ապահովման միջոցը եւ թույլ տալ, որ ռեկտորի ընտրությունը կայանա, ու դատարանը բավարարել էր նախարարության միջնորդությունը։
Ի վերջե, երեկ ռեկտորի ընտրությունները տեղի ունեցան, սակայն մինչ համալսարանի խորհուրդը ռեկտոր էր ընտրում Դիանա Գալոյանի և պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանի միջեւ ընտրություն կատարելով, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն անսպասելի հայտարարություն արեց եւ անվավեր ճանաչեց Գալոյանի տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հրամանը։
Գոգյանի որոշումից հետո հանդես եկավ նաեւ երկար ժամանակ Գալոյանի ռեկտոր դառնալու դեմ պայքարող ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը, ով հայտարարեց, որ մրցույթն անցկացվում է օրենքի կոպտագույն խախտումներով։ Մրցույթի ավարտից հետո Գոգյանի որոշման վերաբերյալ խոսեց նաեւ Դիանա Գալոյանը՝ ասելով, որ ԲՈԿ նախագահը ինքնիրավչությամբ է զբաղվել:
Եվ այժմ ստացվում է, որ գնդակը գտնվում է կառավարության ձեռքում. բանն այն է, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է Կառավարությունը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն»: Իսկ մինչ այդ համալսարանը շարունակում է ղեկավարել ԿԳՄՍՆ հանցագործ որոշմամբ պարտականությունները կատարող պրոռեկտորը։
Այս պահին ստացվում է, որ կառավարությունը կռվախնձոր դարձած այս պաշտոնին թերևս կնշանակի Գալոյանին՝ հաշվի առնելով, որ նա հանդիսանում է նախարարի թեկնածուն, սակայն մյուս կողմից դիմադրություն է առկա՝ ի դեմս ուսանողների, որոնք պայքարում են Ռուբեն Հայրապետյանին ռեկտորի պաշտոնում տեսնելու համար։ Թե ինչ կլինի ապագայում, ցույց կտա ժամանակը, սակայն համալսարանի շուրջ զարգացումները նոր թափ են ստանում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան