Գոգյանին կլռեցնե՞ն հենց կառույցի լուծարման հեռանկարով․ բուռն քննարկումները շարունակվում են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այդպես էլ վերջնական տեսքով դեռ հավանության չի արժանացել կառավարության կողմից, եւ շարունակվում են բուռն քննարկումները: Նկատենք՝ դեռեւս այս տարվա փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել էին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվել են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները: Այդ քննարկումը, ինչպես նաեւ նախագծի հանրային լսումները բավականին բուռն են անցել, եւ շատ դրույթների հետ նաեւ պատգամավորներն ունեն էական անհամաձայնություններ, եւ նաեւ դա է պատճառը, որ այն դեռ վերջնական տեսքի չի բերվել:

Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվում էր լուծարել նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեն, որին համաձայն էր նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Սակայն ընդհանուր առմամբ քննարկումները ցույց են տվել՝ ոչ բոլորն են կողմ այդ տարբերակին, եւ չի բացառվում, որ նախագծի վերջնական տարբերակում այդ դրույթը հանվի: Ընդգծենք՝ վերջին շրջանում լարվել են նախարարի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հարաբերությունները. վերջինս անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն այն այդպես էլ չստորագրվեց, եւ վերջինս շարունակում է աշխատել: Եվ հիմա կարծես թե փորձ է արվում Գոգյանին լռեցնել հենց կառույցի լուծարման հեռանկարով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 




Լրահոս