Պատրաստ ենք ապահովել անվճար օժանդակություն. Արթուր Վանեցյանը դիմորդների անելանելի վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի զրուցակիցը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է:

-Պարոն Վանեցյան, այսօր հայտարարությամբ անդրադարձել եք վերջին օրերին բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների խնդրին և մասնավորապես տարօրինակ ու հակաբնական եք որակել այս վիճակը։ Ձեր կարծիքով ո՞րն է այս իրավիճակի պատճառը։

– «Կրթական բարեփոխումների» անվան տակ կառավարությունը ներդրել է դիմորդների և նրանց ծնողների համար անհասկանալի մի համակարգ, որի հետևանքով բարձր առաջադիմություն ունեցող մեր երեխաները զրկվել են բուհ ընդունվելու հնարավորությունից։ Սա արդեն հակաբնական է։ Չլսված բան է՝ բարձր առաջադիմություն ունեցողը ինչ-որ կարգերի փոփոխության պատճառով չի կարողանում ընդունվել բուհ։ Այդ երեխաները փաստացի կանգնել են լրջագույն խնդրի առջև։

– Իսկ ո՞րն է այս իրավիճակի լուծումը։ Ի՞նչ պետք է անեն դիմորդներն ու կառավարությունը։

– Ինձ շատ զարմացնում է, որ ոլորտի պատասխանատուները հարկ չեն համարում նույնիսկ խոսել դիմորդների ու նրանց ծնողների հետ. չէ՞ որ նրանք մեր հայրենիքի ապագան են, մեր ապագա զինվորները։ Ցավում եմ ստեղծված իրավիճակի համար։ Ինձ համար հստակ է, որ մեր երեխաները ճիշտ են։ Փաստ է, որ այս իրավիճակը որևէ մեկին ձեռնտու չէ՝ ո՛չ դիմորդին, ո՛չ բուհերին, ոչ էլ նախարարությանը, և այս պարագայում, իրոք, անհասկանալի է խնդրին նման մոտեցումը։ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի անունից հայտնում եմ, որ բոլոր դիմորդների համար պատրաստ ենք ապահովել անվճար իրավաբանական օժանդակություն և խորհրդատվություն, ինչպես նաեւ ապահովել նրանց խախտված իրավունքների վերականգնումը: «Հայրենիք» զարգացման հիմնադրամի, «Հայրենիք» կուսակցության և, առհասարակ, մեր ամբողջ թիմի դռները բաց են բոլոր դիմորդների և նրանց ծնողների առաջ, իսկ մեր հնարավորություններն ազատ են նրանց բոլորի համար։
Այժմ քննարկում ենք հատուկ դեպքերում առանձին կրթաթոշակներ տրամադրելու հնարավորությունները։

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս