ԳԱՎԱՌԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ՄԱՀԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացած երիտասարդը Գավառի կրակոցների եւ հիվանդանոց ներխուժելու գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանն է: 

 

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում, ժամը 17:40-ի սահմաններում կրակոցներ էին հնչել։ Մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց: Արդյունքում  մի խումբ քաղաքացիներ մուտք էին գործել հիվանդանոց, կտրել էին  կրակոցների հետեւանքով հիվանդանոց տեղափոխված անձանց պարանոցները, ջարդուփշուր էին արել հիվանդանոցը:  Այս ամենի հետեւանքով մի խումբ երիտասարդներն էին կալանավորվել, որոնց մեջ էր Նարեկ Հովհաննիսյանը:

Նարեկ Հովհաննիսյանը երկու ամիս մնաց կալանքի տակ:  Նորատուսի համայնքի շուրջ 287 քաղաքացի ստորագրահաված են իրականացրել հանուն Նարեկ Հովհանիսյանի, որ նրա կալանքը երկու ամսով չերկարաձգեն եւ նրան ազատ արձակեն, եւ հունիսի 29-ին նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: 1ամիս անց վերջինս վթարից մահացավ. սա պատահականությո՞ւն էր, թե՞ նախա պատրաստված ավտովթար՝ ցույց կտա քննությունը:

Ինչպես հայտնի է, երեկ  shamshyan.com-ը հայտնել էր, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս՝ ձորակում գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։ Oպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սեւանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաեւ ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչներ Նորայր Սաղաթելյանի ու Արթուր Բարսեղյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերեցին մոտ 30 տարեկան տղամարդու դի, ինչից հետո վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ Սեւանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում է եղել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արթուր Գեւորգյանը։

ՔՆԱՐ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՎԵՃԻՑ՝ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 21-ին ոստիկանություն ահազանգեր է ստացվել, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում: Թիկունքի կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, իսկ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 86-ամյա մի տղամարդ տեղափոխվել էր մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց։ Պարզվել է, որ տուժածները վնասվածքները ստացել են ժամը 20.15-ին Քաջազնունու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը. Երեւանի 25-ամյա բնակիչ է եղել։ Ժամը 21.20-ին նա հայտնաբերվել է Կրիվոյի փողոցում եւ հասակակից մեկ այլ երիտասարդի հետ բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածվողի մոտ ոստիկանները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՎԱՃԱՌՈՂԻՆ ԵՎ ԳՆՈՐԴԻՆ

2020թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել եւ 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է երեւանաբնակ ամուսինների: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին, ունենալով ութ ամսական հղիություն, 2020 թվականի հունիսին բժշկական հաստատության աշխատակիցների կազմակերպմամբ եւ օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանի բնակչուհու հետ 2000 ԱՄՆ դոլլարով երեխայի վաճառքի շուրջ վերջինիս խնամքին հանձնելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երեւանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա եւ բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020թ. հուլիսի 13-ին, երեխային հանձնել է գնորդին՝ Երեւանի բնակչուհուն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը եւ գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, Երեւանի բնակչուհու ամուսնուն եւ բուժաշխատողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՈՐՈՇՈՒՄ՝ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԳՈՐԾՈՎ

Հուլիսի 29-ին Ազգային անվտանգության ծառայության կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով որոշում է կայացրել: Մեզ հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար կալանավորված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Գեւորգ Լոռեցյանի վարորդի դեմ հարուցված քրեական գործով կհայտարարի նախաքննության ավարտ:

Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են: Վերջիններս չեն ընդունում իրենց դեմ մեղադրանքը, եւ նախաքննական մարմինը, շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով, քրեական գործով կհայտարարի նախաքննության ավարտ:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Հուլիսի 22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

 

Խախտումներ

Վանաձոր քաղաքում տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները խախտումներ են հայտնաբերել շինանյութի առեւտրի մի քանի կետերում եւ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են ջերմաչափները եւ ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ:

 




Լրահոս