Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է անցկացրել, որի ժամանակ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հանգստյան օրերին կազմակերպած «փարթիի» հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները այս օրերին թեժ քննարկումներ են ունեցել տարբեր մակարդակներում՝ քննադատել ու բողոքել են, թե ինչու պետք է իմքայլական պատգամավորի անհեռատես քայլերի պատճառով իրենք հայտնվեն քննարկումների, քննադատությունների կիզակետում:
Չնայած այն բանին, որ Հայկ Սարգսյանը պաշտոնապես հայտարարում է, թե ինքն այդ միջոցառման հետ որեւէ կապ չունի, ինքն ընդամենը ինչ-որ ժամանակով մտել ու դուրս է եկել, բայց պատգամավորի կուսակից ընկերները, ըստ մեր տեղեկությունների՝ այլ տեղեկություն ունեն ու վստահ են, որ այդ ամենի գլխավոր հեղինակը հենց Հայկ Սարգսյանն է: Գաղտնիք չէ Հայկ Սարգսյանի կուսակիցների համար, որ պատգամավորը նման միջոցառումների սիրահար է ու միշտ է նման միջոցառումներ կազմակերպում իր ծննդավայրում:
Armlur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանի հետ, որից փորձել ենք ճշտել, արդյոք իրենց հանձնաժողովում քննարկվել է Հայկ Սարգսյանի վարքագիծը:
-Պարո՛ն Ալեքսանյան, այս օրերին թեժ քննարկվում է Ձեր կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած միջոցառումը, որի ժամանակ չի պահպանվել արտակարգ դրությունից ելնելով ոչ մի պահանջ: Արդյո՞ք Ձեր հանձնաժողովում քննարկվել է Հայկ Սարգսյանի կատարած քայլերը:
–Ո՛չ , քննարկում չենք ունեցել, մենք եթե գտնում ենք, որ այդ հարցը պետք է քննարկել Վերահսկող հանձնաժողովում, քննարկում ենք, որոշում ենք կայացնում ու այն ներկայացնում ենք վարչությանը: Բայց մենք նման քննարկում չենք ունեցել:
-Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ վարչությունում արդեն քննարկվել է Հայկ Սարգսյանի կատարած քայլերը, Ձեր հանձնաժողովում այդ հարցը օրակարգային չէ՞:
–Արտակարգ դրության պայմաններից ելնելով՝ մենք նիստեր չենք անցկացնում, եթե հրատապ հարց կա, ապա այն իրականացնում ենք օնլայն ձեւաչափով: Վարչության նիստի հետ կապված ես որեւէ տեղեկություն չունեմ: Հայկ Սարգսյանն իմ կուսակցական ընկերն է, Հայկ Սարգսյանն իմ ընկերն է եւ ինքն արդեն ներողություն է խնդրել, որ ինքն այնտեղ է հայտնվել, ինչի համար էլ ինքը տուգանվել է: Օրենքով ինքը տուգանվել է, ու չեմ կարծում՝ դրանից ավել ինչ-որ գործողություններ պետք է իրականցվեն: Մնացածն արդեն անհարկի շահարկումներ են արվում: Ինքն իր սխալը ընդունել է, տուգանվել է ու ներողությունն էլ խնդրել է:
-Բայց արդեն փաստեր կան, որ Հայկ Սարգսյանն է այդ միջոցառման կազմակերպիչը, ինքը երկու օր այնտեղ է եղել, այսինքն Դուք կարծում եք, որ միայն դիմակ չկրելու համար տուգանքը արդեն բավակա՞ն է, պատգամավորի վարքն էլ ընդունելի՞ է:
–Ես կրկնում եմ, որ ինքը օրենքով տուգանվել է: Ես կարծում եմ, որ ինքն իր սխալի համար արդեն ներողություն է խնդրել, վարչության նիստում, թե այդ հարցը քննարկվել է, ինչ է տեղի ունեցել, ես այդ մասին որեւէ ինֆորմացիա չունեմ: Մնացածի մասին, թե ինքը երբ է այնտեղ եղել, որ օրերին, ես այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ: Բայց, քանի որ ինքը պատիժը կրել է, ես դրանից ավել ոչ մի բան չեմ կարող ասել: Մեկ շաբաթ առաջ էլ ես եմ այդ նույն տեղում եղել, նման միջոցառման չեմ մասնակցել, բայց ես էլ միայնակ եմ եղել, դիմակ կրել եմ: Ինքն արդեն ներողություն խնդրել է:
–Այսինքն կարծում եք, որ յուրաքանչյուրն էլ կարող է նման քայլի դիմել՝ չպահպանելով սոցիալական հեռավարությունը, դիմակ կրելու պահանջը, մեծաթիվ մարդկանցով միջոցառում կազմակերպել, ընդամենը ներողություն խնդրել եւ վե՞րջ, պետք է ներել, նույն կարծիքի՞ են նաեւ Ձեր կուսակցական ընկերները:
–Ես իմ կարծիքն եմ ասել, վերահսկող հանձնաժողովը նման հարց չի քննարկել, մենք նման քննարկման դիմում չունենք: Մենք նիստ չենք ունեցել՝ Հայկ Սարգսյանի գործողությունները քննարկելու համար:
զրուցեց Սոնա Գրիգորյանը