ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են դպրոցները պատրաստվում նոր ուսումնական տարվան. աժիոտաժը սկսված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրակրթական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, գրքեր են բաժանում, ախտահանող նյութեր ստանում, ժողովներ անցկացնում: Չնայած տեսախցիկի առջեւ ուսումնական հաստատությունների պատասխանատունը չէին ցանկանում խոսել, սակայն վստահեցրեցին, թե կարողանալու են նոր կանոններով եւս ուսումնական գործընթացը բարձր որակով անցկացնել:

ArmLur.am-ին հանդիպած ծնողների և երեխաների մտահոգությունն առաջին հերթին պարտադիր դիմակ կրելուն էր վերաբերում:  Դպրոցներում աշակերտների կողմից դիմակ կրելու պարտադիր պահանջն այժմ քննարկվում է, բացառված չէ, որ մինչև սեպտեմբերի 15-ը՝ դասերի մեկնարկն, այս պահանջը հանվի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից օրերս հրապարակված ուղեցույցով դպրոցում գտնվելու ամբողջ ընթացքում աշակերտները եւ անձնակազմը դիմակներ պետք է կրեն: Դասարաններում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը, եթե նրանք ավելի շատ են, դասարանները խմբերի կբաժանվեն, յուրաքանչյուր խումբ դասի կգնա շաբաթական 3 օր։ Միեւնույն ժամանակ մեզ հանդիպած ծնողները և աշակերտները գոհ էին, որ ուսումնական պրոցեսը մեկնարկելու է առկա կարգով, չնայած հեռավար ուսուցումից այնքան էլ դժգոհ չեն եղել:

Դպրոցներում կանոնների պահպանման վերահսկողությունը կիրականացնի Կրթության տեսչական մարմինը, սկզբնական շրջանում տեսչական մարմնի աշխատակիցները դպրոցներ կայցելեն՝ հանրակրթական հաստատություններին աջակցելու համար:  Դասերի ընթացքում երեխաները գրատախտակի մոտ չեն գնա, գրավոր աշխատանքների համար տետրեր չեն օգտագործի, դրանք կիրականացվեն թերթիկների միջոցով։ Դասամիջոցներին աշակերտները դասարանը չեն լքի, անհրաժեշտության դեպքում դուրս կգան ուսուցչի հսկողությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս