«ԵՐԵՎԱՆՆ ՈՒՆԻ ԱՄԵՆ ԻՆՉ, ԲԱՑԻ ՆԵՐՇՆՉԱՆՔԻՑ». ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Արսեն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է դերասանական գործունեության, «Թղթե երազանք» հեռուստանովելի եւ այլ հարցերի մասին:

 

-Արսե՛ն, Դուք հանդիսատեսին հայտնի դարձաք եւ սիրվեցիք «Թղթե երազանք» հեռուստանովելից։ Հեռուստանովելից հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։

-Սկսեմ նրանից, որ ես հայտնի մարդ չեմ։ Աշխարհում տեսնելով Հոլիվուդյան ու եվրոպական կինո շուկան՝ կարծում եմ՝ շռայլություն է Հայաստանում խոսել հայտնիության մասին։ Այստեղ առնվազն լինում են ճանաչված ու վերջ: Բացառությունները խիստ քիչ են։ «Թղթե երազանք»-ից հետո ձեռք բերեցի զիլ ու տաղանդավոր ընկերներ, վայելեցի Գարրի Զաքարյանի հետ աշխատելու հնարավորությունը ու լիքը հիշելու արժանի պահեր ապրեցի, ինչի համար շնորհակալ եմ ստեղծագործական խմբին։

-Դուք, աշխատելով Գյումրու պետական դրամատիկական թատրոնում, բեմում ավելի շատ եք եղել, քան տեսախցիկի առջեւ կամ նկարահանման հրապարակում։ Ի՞նչ վախեր ու անհանգստություններ ունեիք։

-Թատերական կրթությունը պարտադիր, բայց չափազանց քիչ է կինոդերասանի արվեստի նրբություններին վարպետորեն տիրապետելու համար, այդ իսկ պատճառով առաջին երկու-երեք սերիաներում, մեղմ ասած, սարսափելի եմ եղել։ Ես չափից դուրս ազատ էի կադրի դեսպոտիզմն արագ յուրացնելու համար։ Զգալ լույսը, տեղից չշարժվել, միջին ու խոշոր պլանների ժամանակ նույնությամբ կրկնել ժեստրդ ու շարժումներդ ահավոր էր, բայց քայլ առ քայլ սկսեցի սովորել ու բացահայտել կինոարտադրության գայթակղիչ հմայքները։ Այժմ որակյալ ու ոգեւորող նախագծերի մեջ մեծ սիրով կստեղծագործեմ։

-Որքան գիտեմ, նկարահանվելու է «Թղթե երազանք» հեռուստանովելի 2 մասը: Տեղյա՞կ եք:

-Այդ մասին ոչ մի հիմնավոր տեղեկություն չունեմ։

-Արսե՛ն, իսկ ի՞նչ նոր առաջարկներ ունեք։

-Վերջին շրջանում եղել են մի քանի նոր առաջարկներ, բայց բոլորը մերժել եմ։ Ցանկություն չունեմ լինել նախագծերում, որոնց ապագան ու գեղարվեստական որակը մշուշոտ է, նաեւ վերջին շրջանում թատրոնում փորձերի հագեցվածության պատճառով չեմ ուզում ինձ այլ բաներով ծանրաբեռնել։

-Ցանկություն չունե՞ք տեղափոխվել Երեւան, քանի որ սովորաբար դերասանների գերնպատակն է լինել Երեւանում, քանի որ կարծում են, թե այստեղ դրսեւորվելու մեծ շանսեր ունեն։

-Երեւանն ունի ամեն ինչ, բացի ներշնչանքից, այդ իսկ պատճառով ապրելու եւ ստեղծագործելու իմաստով մայրաքաղաքն ինձ երբեք չի գրավել։ Նույնիսկ նկարահանումների շրջանում, երբ ազատ օր էր լինում, վերադարձել եմ Գյումրի ու հաջորդ օրը նորից մեկնել։ Օրինակ՝ Գյումրին, Վանաձորը, Ստեփանակերտը հզոր էներգետիկ դաշտեր ունեն, որ անմիջապես կլանում են ու ներդաշնակություն ստեղծում ներսի ու դրսի մեջ, բայց Երեւանում ես դա չեմ զգում։ Եվ հետո մենք շատ կոմպակտ երկրում ենք ապրում։ Գյումրի-Երեւան ավտոճանապարհը մոտ 120 կմ է։ Եվրոպայում մարդիկ ամեն օր այդքան ճանապարհ կտրում են, որ գնան աշխատանքի։ Այնպես որ, ինձ համար դժվարություն չէ ապրել Գյումրիում ու միաժամանակ աշխատել Երեւանում։ Իսկ ինչ վերաբերում է դրսեւորվելուն, ապա ասեմ, որ կարիք չկա արվեստում արտահայտվելու համար հասնել Երեւան, իսկ եթե նպատակն էկրանից երեւալն ու սոցկայքերում հետեւորդներ ունենալն է, ապա պիտի գնան։

-Հայտնի լինելը մասնագիտական առումով ավելի շատ օգնո՞ւմ է, դռներ է բացո՞ւմ, թե՞…

-Էլի եմ կրկնում, որ ինձ հայտնի չեմ համարում։ Միակ դեպքը, երբ ուրախացել եմ, որ ինձ ճանաչել են, եղել է անձնագրային բաժամունքում. հերթս առաջ գցեցին:

-Ի՞նչ կասեք մեր այսօրվա եթերներում հեռարձակվող սերիալների որակի մասին։ Արդյոք կհամաձայնե՞ք նկարահանվել ցանկացած սերիալում, միայն թե բարձր վարձատրվեք։

-Ընդհանուր գնահատականը ողբերգական է։ Հազվադեպ են լինում նախագծեր, որոնք ունեն իրավունք հեռուստացույցում հայտնվելու, իսկ մնացածին սպասվում է մեդիա դժոխքը։ Շատ սցենարիստներ, պրոդյուսերներ ու դերասաններ իրենց խղճի առաջ պիտի պատասխան տան սերնդի դեգրադացման պրոցեսի մասնակիցն ու կազմակերպիչը լինելու համար։ Ու թող չփորձեն թաքնվել «պահանջարկից է ծնվում առաջարկ» լոզունգի տակ. չկա նման բան։ Ես ճշմարիտ արվեստով եմ սիրում զբաղվել։ Եթե երբեւէ շատ փողի կարիք ունենամ, կնախընտրեմ ուրիշ գործ անել, քան թե լինել անորակ ու անարժեք նախագծերում։

-Բացի դերասանի մասնագիտությունից, թատրոնից, ուրիշ ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

-Քնել, լսել լավ երաժշտություն, զիլ կինոներ նայել ու ճամփորդել:

-Կա՞ մի դեր, որ երազում եք խաղալ։

-Բեմում ես իմ բոլոր երազած դերերը խաղացել եմ, ինչի համար շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, ովքեր ժամանակին տեսել ու հավատացել են ինձ ավելի, քան ես ինքս։ Չգիտեմ, շատ դերասաններ երազում են Ֆերդինանտի, Ռոմեոյի, Արա Գեղեցիկի, Համլետի մասին, իսկ իմ երազած ու խաղացած կերպարները համընկել են։ Դրանք եղել են Ֆանդոն /Ֆ. Առաբալ «Ֆանդո եւ լիս»/, ռեժիսոր՝ Ռ. Ասատրյան, Լուկասը /Յ. Գրուշաս «Սեր, ջազ սատանա»/ ռեժիսոր՝ Լ. Հարությունյան, Ջիմին /Ջ. Օսբորն «Ետ նայիր զայրացած»/, ռեժիսոր՝ Հ. Քեշիշյան:

-Դերասան դառնո՞ւմ են, ծնվո՞ւմ, թե՞…

-Արտիստ ծնվում են, բայց դերասան՝ դառնում:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԻՆՉՈ՞Ւ «ԽԱԲԿԱՆՔ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԿ ՇԱԲԱԹ Է՝ ՉԻ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ «Խաբկանք» հեռուստասերիալը, որը ցուցադրվում է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով, եթեր չի հեռարձակվում, ինչն անհանգստության առիթ է դարձել հեռուստասերիալի հետեւորդների համար:

 

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել հեռուստասերիալի գլխավոր դերակատար Ավո Ադամյանի հետ, որը մեզ հետ զրույցում անդրադառնալով սերիալի՝ եթեր չհեռարձակվելուն՝ հայտնեց, որ ամեն բան նորմալ է, եւ այն շուտով եթեր կհեռարձակվի։

«Ավել տեղեկություններ չունեմ, ես միայն հետաքրքրվում եմ իմ նկարահանմամբ, իմ տեսարաններով, որ ամեն ինչ նորմալ տեղի ունենա: Ես միայն իմ մասով եմ պատասխանատու: Սերիալը շուտով կհեռարձակվի, իսկ այլ մանրամասների մասին տեղյակ չեմ։ Շատ շնորհակալ ենք մեր հեռուստադիտողներին այդքան անհանգստանալու եւ սերիալին հետեւելու համար»,- հավելեց  մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ գլխավոր դերերում խաղում են երգիչ Ավո Ադամյանը եւ հայտնի դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ 28-ամյա կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այդ հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից եւ ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:  «Շատ երջանիկ եմ եւ չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում, եւ միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ եւ շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար: Եթե  ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի եւ Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի եւ իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն: Մենք բոլորս տեղյակ ենք Խոակին Կապառոսի՝ Իսպանիայում ունեցած հաջողությունների եւ մարզչական հիանալի որակների մասին: Վստահ եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ կստացվի»,- ասել է Անգուլոն:

 

 

2 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան Լոնդոնի «Չելսիի» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր: Բրազիլիայի ազգային հավաքականի 35-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբում կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Ավելի վաղ Տիագո Սիլվան հաստատել էր, որ չի երկարաձգելու ՊՍԺ-ի հետ պայմանագիրը: Նա 2012թ. իտալական է «Միլանից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում անցկացրել է 204 հանդիպում եւ դարձել 9 գոլի հեղինակ:

 

 

ԳԱՀԸ ՏԱՐԵԼ Է

Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թերները, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթարկի կերպարով, նկարահանման հրապարակից տուն է տարել գահը. խոսքն այն գահի մասին է, որի վրա սերիալի վերջաբանին նրան թագադրում են։ «Հյուսիսի թագուհին» ռեկվիզիտի լուսանկարը հրապարակել է Instagram-յան էջի Stories բաժնում։ «Բարի գալուստ տուն». հրապարակումը մակագրել է դերասանուհին։ Նույն լուսանկարը տեղադրել է նրա ամուսինը՝ «Jonas Brothers» խմբի մասնակից Ջո Ջոնասը։ «Այսպիսի նորություններ»,- գրել է նա։ Ի դեպ, հուլիսին Թերներն ու Ջոնասը ծնողներ են դարձել. ծնվել է նրանց դուստրը՝ Վիլան։

 

 




Լրահոս