Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը կազատվի մաքսատուրքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այս համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի եւ Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման կողմերի հետաքրքրվածությամբ:

Սույն Համաձայնագրով Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքի գանձումից:

Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝

մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ղազախստանից և Ռուսաստանից Ապրանքների առաքման ծավալները,

միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող Ապրանքների ցանկը:

Սույն Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների մեջ զարգացնել երկարատև առևտրատնտեսական հարաբերություններ:

Սույն Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:




Լրահոս