Լուսանկարն արվել է Տավուշի մարզում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում. Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են ձԸի մակնիշի եւ ՀՀ ՊՆ համարանիշերով ձՀԸխ մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 3 հոգի՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն: Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ծառայող:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորող ուսանողը կարող է արդյոք օգտվել ուսման վարձի զեղչից:
Ստելլա Բաբախանյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող կարգը պարզ է, մնում է ուսանողները ծանոթ լինեն սահմանված օրենքին եւ հարկ եղած դեպքում օգտվեն արտոնությունից:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում ամուսնալուծությունը, ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար, ինչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը:
Լիդա Կիրակոսյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում:
Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական (առկայության դեպքում), ամուսինների համատեղ դիմումը՝ ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում: Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք՝ 10000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին՝ ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: