Armlur.am-ը տեղեկություններ է ստացել, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր բողոք է ստանում ժամկետային զինծառայողների հարազատներից այն բանի համար, որ ՊՆ պայմանագրային զինծառայողներն իրավունք ունեն տուն գնալու, արձակուրդ մեկնելու, բացի ժամկետային զինծառայողներից: Ըստ մեր տեղեկությունների` վերջին ամիսներին ՊՆ-ն իր «թեժ գծին» ռեկորդային զանգ-բողոքներ է ստացել՝ նշված հարցի մասին:
Այժմ Պաշտպանության նախարարությունը փորձում է լուծում գտնել այդ հարցի հետ կապված, քանի որ օր օրի իրավիճակը թեժանում է: Նույնիսկ տեղեկություններ կան, որ ծնողները պատրաստվում են դիմել հայրենի կառավարությունը՝ պահանջելով, թույլատրել իրենց զավակներին տեսնելու համար: Նշենք, որ դեռեւս մարտից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո ՀՀ ՊՆ-ն եւ ՀՀ ԶՈՒ-ն որոշում կայացրեց արգելել զորամասերում մուտք ու ելքերը, որպեսզի զինվորները չվարակվեն կորոնավիրուսով:
ArmLur.am-ը զրուցել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան հետ՝ պարզելու համար, թե ինչ է որոշել այս հարցերի հետ կապված անել ՊՆ-ն: Ստեփանյանը, խոսելով հարցի մասին, հայտարարեց. «Պայմանագրային զինծառայողները ծառայության ընթացքում ջերմաչափվում են, պարտադիր կրում են դիմակ, ինչը չես ասի ժամկետային զինծառայողների մասին, նրանք զորամասում դիմակով չեն: Երբ պայմանագրային զինծառայողը տեղեկանում է, որ իր հարազատներից որեւէ մեկը հիվանդ է, կամ ինքը կոնտակտավոր է, այդ մասին անպայման տեղեկացնում է զորամասի հրամանատարությանը ու 14 օր գտնվում կարանտինում: Այսինքն չի ներկայանում ծառայության: Պայմագրային զինծառայողների նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացվում»:
Ինչ վերաբերվում է ռեկորդային ահազանգերին մեր զրուցակիցն ասաց, թե այն իրականությանը չի համապատասխանում. «Մեծ թվով զանգեր մենք ստացել ենք զորակոչի շրջանում, հիմնականում զորակոչի թեմայով պարզաբանումներ ստանալու համար են դիմել, տվյալ հարցով ռեկորդային զանգեր չեն ստացել»:
Շուշան Ստեփանյանը անդրադառնալով ժամկետային զինծառայողների տուն չգնալու հարցին ասաց, որ առաջիկայում երբ ավարտվի ՀՀ-ում արտակարգ դրությունը, իրենք կտեսնեն, թե ինչ սահմանափակումներ են հանվելու, որոնք են գործելու, ըստ այդմ ՊՆ-ն եւ ՀՀ Գլխավոր շտաբը կկազմակերպեն քննարկում եւ կկայացնեն որոշում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Գ.