«Ֆիրդուսի այլընտրանքային մրցույթում» ընդունվել է 28 հայտ՝ աշխարհի 15 երկրներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթում 28 հայտ է ընդունվել։ Նախապես հայտարարվել էր 26 հայտի մասին, սակայն ժյուրիի որոշմամբ ներառվել են տեխնիկական ոչ մեծ խնդիրներ ունեցած ևս երկուսը։

Մրցույթի նախաձեռնողը՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, հաղորդում է, որ հայտեր են ընդունվել Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Գերմանիայից, Դանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Վիետնամից և Ֆրանսիայից։ Ամենաշատը՝ 11 հայտ, ընդունվել է Հայաստանից։ Մի քանի հայտեր ներկայացված են տարբեր երկրներից մասնակիցների համագործակցությամբ։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 20-ին, հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 21-ին։ Ներկայացված նախագծերը 2020 թվականի հոկտեմբեր 1-ից առնվազն վեց ամիս կցուցադրվեն առցանց։ Մրցանակի արժանացած նախագծերը կտարածվեն տեղական ու միջազգային մասնագիտական կայքերում, հաղթող նախագծի առաջխաղացմամբ կզբաղվեն մրցույթի կազմակերպիչները։ Լավագույն աշխատանքները կներկայացվեն ՀՀ կառավարություն՝ իրագործման նպատակահարմարությունը քննարկելու համար։

Մրցույթի ժյուրիի կազմում իրենց ոլորտներում ճանաչված ու հեղինակավոր մասնագետներ են. դոկտոր Ջորջ Արբիդ (Լիբանան), Արեգ Ասատրյան (ԱՄՆ), Նարինե Միրզայան (ԱՄՆ-Հայաստան), Սևադա Պետրոսյան (Հայաստան), Իրինա Սուբոտիչ (Սերբիա), Մովսես Հրայր Տէր Գէորգեան (Բելգիա), Թալին Տեր Մինասյան (Ֆրանսիա)։ Ժյուրիի առաջին առցանց նիստը տեղի ունեցավ կիրակի՝ սեպտեմբերի 13-ին։




Լրահոս