ՄԱԿ-Ի ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գրասենյակից ,Ժողովուրդե օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանի մի քանի հանձնաժողովների դրամաշնորհներ (գրանտներ) է տվել, որպեսզի վերջիններս նախագծեր ու օրենսդրական փաթեթներ ներկայացնեն: ,ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ ,Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարանե ծրագրի նպատակն է հզորացնել Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում իր նոր ու հիմնավորապես ընդլայնված դերի շրջանակում՝ օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչականության ապահովման առանցքային գործառույթների իրականացման հարցում։ Ծրագիրը ռազմավարական եւ տեխնիկական աջակցություն է տրամադրում ՀՀ Ազգային Ժողովին եւ նրա մշտական հանձնաժողովներին։ Աջակցությունը տրամադրվում է անկուսակցականության սկզբունքով, երբ հանձնաժողովները, որոնք բաղկացած են թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչներից, որոշում են կայացնում դիմում-հայտի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում ոչ մի դրամաշնորհ չի տրամադրվում։ Ծրագիրն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին տեխնիկական աջակցություն է տրամադրում՝ ուսումնասիրություններ եւ քաղաքականության վերլուծություններ իրականացնելու համար: Դիմում-հայտը հաստատվելուց հետո ծրագիրը կազմակերպում է գնումներ՝ համաձայն ՄԱԶԾ-ի գնումների ընթացակարգիե,-տեղեկացրեցին ՄԱԿ-ի գրասենյակից։ ,Ժողովուրդե օրաթերթի տեղեկություններով՝ այժմ այդ ծրագրից օգտվում են ԱԺ 4 հանձնաժողովներ՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Մեր տեղեկություններով՝ այդ աջակցությունը տատանվում է 15-20 հազար դոլարի սահմաններում, որոնցից ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովը նպատակ ունի առաջիկայում կրթության ռազմավարության վերաբերյալ ծրագիր մշակել, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը եւ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ այժմ նույն ծրագրի շրջանակներում նախագիծ են գրում, իսկ մյուս երկու հանձնաժողովները սեմինարներ են կազմակերպել ու օրենքի նախագծեր քննարկել:

 

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնվել է բարդ խնդրի առջեւ եւ  չի կարողանում ազատվել Արտակ Դավթյանի կադրերից: Բանն այն է, որ Դավթյանը, նշանակվելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, համակարգ էր վերադարձրել կոռուպցիոն սկանդալի հետեւանքով 2013 թվականին ՊՆ-ից հեռացած զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության նախկին պետ Սուրեն Հարությունյանին, որը եղել է Դավթյանի ընկերը, եւ ավելին՝ նշանակել էր իրեն օգնական: Եվ, ահա, նրա հեռանալուց հետո Սուրեն Հարությունյանը շարունակում է մնալ ԶՈՒ գլխավոր շտաբում՝ որպես Օնիկ Գասպարյանի օգնական, ուստի ՊՆ-ում չեն ուզում ասել՝ դիմում գրիր, ազատվիր, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Օնիկ Գասպարյանն ազատվում է Արտակ Դավթյանի կադրերից: Ավելին, Զինված ուժերի գլխավոր շտաբում աշխատակիցները կարծիք են հայտնել, որ Օնիկ Գասպարյանի նշանակումից հետո երանելի իրավիճակում են, քանի որ ականատես չեն լինում ՊՆ եւ ԳՇ ղեկավարների վեճին, տարբեր որոշումներ ամեն օր ներքեւից վերեւ չեն տանում, հետ բերում: Ասել է թե՝ արշալույսները խաղաղ են երկու գերատեսչությունների միջեւ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Սահմանադրական դատարանում աշխատանքային առաջին նիստը ավելի քան թեժ է անցել, սակայն առանց բովանդակային քննարկումների: Ինչպես հայտնի է, այդ նիստում պետք է կայանային Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ, սակայն, մեր տեղեկություններով, հարցը անգամ չի հասել թեկնածուներ առաջադրելու փուլին։ ՍԴ նախկին նախագահ, ՀՀԿ-ի սիրելի Հրայր Թովմասյանն ու «Իմ քայլի» կողմից ՍԴ գործուղված, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի սիրելի Վահե Գրիգորյանը, կարծես թե, կոալիցիա են կազմել եւ միահամուռ առաջ քաշել Արման Դիլանյանի թեկնածությունը՝ «Եթե հնի դեմ էիք պայքարում, ուրեմն պիտի ՍԴ նոր նախագահը նոր լինի, գոնե՝ Արման Դիլանյանը» հիմնավորմամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ անգամ միմյանց վիրավորելու աստիճանի վիճել են կողմերը։ Մենք դեռ երեկ գրել էինք, որ ՍԴ անդամներից շատերն այնքան էլ կողմ չեն ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, եւ երեկ էլ, կարծես թե, միտումնավոր ձգձվել է հարցի  քննարկումը։ Կհարցնեք՝ ինչ էին անում 5 ժամ փակ դռների հետեւում։ Պատասխանը հետեւյալն է՝ քննարկում էին խնդիրը՝ այդ նիստը դռնբաց կամ  դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ ՍԴ նորընտիր անդամներ Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընդգծված չեզոքություն են պահպանել, այսինքն՝ երկրի քաղաքական ղեկավարության համար ցանկալի ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում։ Բայց, չնայած այս իրավիճակին, անակնկալներ հնարավոր են։ Ամեն դեպքում, այսօր սպասվում է, որ հենց առավոտյան ՍԴ անդամները միանգամից պետք է անցնեն թեկնածուների ընտրության հարցին:

 

 

 

Կորոնավիրուսն ու դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաեւ աշխարհում տիրող իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստան մուտք գործող գումարների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ուղարկվող գումարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել են 15.3 տոկոսով։ Այսպես, 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 893 մլն 289 հազար դոլար, իսկ 2019 թվականի նույն ամիսներին՝ 1 մլն 55 հազար 256 դոլար։ Եվ ինչպես հայտնի է, Հայաստան ուղարկված գումարների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Այս տարվա հունվար-հուլիսին ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 399 հազար 310 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 556 հազար 136 դոլարի փոխարեն։ Այսինքն՝ ՌԴ-ից մուտքերը նվազել են 28.2%-ով։ Հետաքրքիր է, որ չնայած ընդհանուր ներհոսքի նվազմանը՝ ԱՄՆ-ից եկող գումարներն ավելացել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին դրանք կազմել են 184 հազար 477 դոլար՝ նախորդ տարվա 150 հազար 067 դոլարի փոխարեն։ Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարները նույնպես նվազել են։ Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 622 հազար 381 դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 780 հազար 965 դոլարի փոխարեն։

 




Լրահոս