«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մոտ 100 անձ ցանկություն են հայտնել եւ դիմում են ներկայացրել որպես կամավոր սահման մեկնելու համար:
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Եվ չնայած զորահավաք հայտարարվելուն՝ մեծ թվով մարդիկ, չսպասելով զանգի, իրենք են ներկայանում զինկոմիսարիատներ եւ ցանկություն հայտնում, դիմում ներկայացնում՝ առաջնագիծ որպես կամավոր մեկնելու համար:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին նման դիմում են ներկայացրել նաեւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք: Մասնավորապես, Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը նման դիմում են ներկայացրել մոտ 100 կալանավոր եւ դատապարտյալ:
Սակայն, մեր տեղեկություններով, այդ դիմումներին դեռ ընթացք եւ պատասխան չի տրվել, քանի որ քրեակատարողական ծառայության ղեկավարությունը պետք է խորհրդակցի Պաշտպանության նախարարության հետ, եւ միայն վերջիններիս հրահանգի դեպքում, իրավիճակով պայմանավորված, պետք է նման որոշումներ կայացվեն: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔԿԾ մամուլի ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այս մասով, արդյոք նման դիմումներ կան, թե ոչ: Ի պատասխան՝ հաստատեցին, որ նման դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չցանկացան հայտնել:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: