«ՀԱՅԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀԱՆՁՆՎԻ».ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես հասկանում եմ, որ պետք է խոսենք արհեստական բանականությունից, եւ թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու արհեստական բանականությունը կարող են փոխել մեր կյանքը, այդ թվում եւ՝ ֆինանսական եւ տնտեսական կյանքը: Սակայն նախքան արհեստական բանականության մասին խոսելը կուզեի անդրադառնալ բնական բանականությանը կամ դրա բացակայությանը»,-իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հանդես գալով բացման խոսքով՝ հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

 

-Դուք նախաբանում նշեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության մասին: Ես չեմ կարող այսօր շրջանցել այս թեման, քանի որ ինչպես գուցե արդեն լսել եք, կիրակի առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել եւ լայնամասշտաբ պատերազմ, ռազմական ակտիվություն ու հարձակումներ է սկսել Արցախի Հանրապետության սահմանին: Այսօր ադրբեջանական կողմը հրետակոծել է անգամ մի շարք գյուղեր Հայաստանի տարածքում: Այստեղ ես ցանկանում եմ դիմել մարդկային, այլ ոչ թե արհեստական բանականությանը: Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը: Կարծում եմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Թուրքիան, որն Ադրբեջանի թիկունքում է, տուժել են կորոնավիրուսից եւ ապագայում դրա պատճառով շատ ավելի են տուժելու: Եվ մինչ մենք բոլորս պայքարում ենք համավարակի դեմ, նրանք նոր պատերազմ են հրահրում: Արհեստական բանականությունը կհաշվարկեր եւ գուցե ապագայում ունենար հոգու եւ մարդկության տարրեր՝ չանելու սա, սակայն մարդիկ դիմում են նման քայլերի:

Սա հին վեճ է, որը 30 + 70 տարվա պատմություն ունի: 30-ը Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ժամանակահատվածն է: Իսկ 70-ն այն ժամանակն է, երբ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ պատմական հայկական տարածքը տվեց Ադրբեջանին, եւ այն դարձավ Ադրբեջանական ԽՍՀ մաս: Մինչդեռ մշտական բնակչության բացարձակ մեծամասնությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հայեր են: Սա պատմական հայկական տարածք է՝ իր թագավորներով լինելով հազարամյակների հայկական պատմության մի մասը:

Մարդկային բանականությունը մեզ կասի, իսկ արհեստական բանականությունը կհաստատի, որ կա վեճերի միայն մեկ լուծում. դա երկխոսությունն է: Լեռնային Ղարաբաղի պարագայում կա երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, որոնք են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Երկխոսությունը մի կողմ դնելը եւ փորձելը ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որեւէ հեռանկար չունի: Հայերը երբեք չեն հանձնվի:

Այս հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլեւ խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ մինչեւ դրոններ եւ հրթիռներ ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, եւ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի սա:

Հայերի համար սա բացարձակ անընդունելի է: Աներկբա է, որ հայերը երբեք չեն հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պաշտպանվելու է Արցախի Հանրապետության բնակչության եւ համայն հայության կողմից մի պարզ պատճառով. Թուրքիայի գործոնի ավելացումն այս հակամարտությանը, հաշվի առնելով, որ այդ երկիրը բացեիբաց է իր աջակցությունը տրամադրում, մեզ տանում է 100 տարի ետ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը փորձեց արդարացում գտնել՝ ասելով, թե համաշխարհային պատերազմ էր, հայերը, հույները քրիստոնյաներ էին, անհնազանդ էին, այդ իսկ պատճառով եկեք ոչնչացնենք նրանց: Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Հայերը Օսմանյան կայսրության լավ քաղաքացիներ էին, ապրում էին շատ վայրերում, այդ թվում եւ՝ Ստամբուլում: Նրանք խորհրդարանի անդամ էին: Մինչդեռ անգամ հայ պատգամավորները սպանվեցին: Այն ժամանակ արդարացումն առաջին համաշխարհային պատերազմն էր կամ այն, որ նրանք քրիստոնյաներ են: Այժմ արդարացումն այն է. «Ադրբեջանը մեր եղբայրն է, մենք էթնիկ նույն ազգն ենք», եւ այլն: Սա միջնադարյան մոտեցում է: Ինչպե՞ս կարելի է աշխարհում պատերազմ սկսել՝ մտածելով, թե էթնիկ առումով կապված եք:

Ինչպե՞ս կարելի է աշխարհում արտաքին եւ ռազմական քաղաքականությունը վարել՝ հիմնվելով էթնիկ պատկանելության վրա»: Հայաստանի նախագահն ընդգծել է, որ խնդրի կարգավորումը ոչ բանական ճանապարհից՝ պատերազմից, անհրաժեշտ է բերել ավելի բանական տարբերակի, որը երկխոսությունն է:

Դիմելով համաժողովի մասնակիցներին եւ վերադառնալով քննարկվող թեմային՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Դուք պետք է ըմբռնումով մոտենաք, քանի որ ես չէի կարող չխոսել այս մասին, քանի որ այսօր մարդիկ են մահանում: Ադրբեջանցիները թիրախավորում են կարմիր խաչով մեքենաները, որտեղ վիրավորներն են կամ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ: Սա անմարդկային արարք է: Հուսով եմ, որ 50 տարի անց գուցե արհեստական բանականությունը կսովորեցնի մարդկանց լինել ավելի մարդկային»:

 

 

ՈՂՋ Է

Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։ «Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաեւ նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է եւ շարունակում է կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԸ

«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանը հերթական գրառումն է արել՝ այս անգամ անդրադառնալով  Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Երաժիշտը Twitter-ում գրառում է արել՝ Թուրքիայի առաջնորդին հիմար անվանելով։  «Մի բառ՝ hիմար։ Նա տարածաշրջանի մարդասպան է, որն առաջ է բերում բոլոր խնդիրները։ Թուրքիայի՛ ժողովուրդ, ժամանակն է հասկանալու, թե ինչ է նշանակում պատասխանատու լինել սեփական ճակատագրի համար. դո՛ւրս արեք այս հիմարին»,- գրել է նա։ Օրերս Թանկյանն անդրադարաձել էր Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Նա նշել էր՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը վաղուց էր ծրագրել այդ լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Ըստ նրա՝ նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները. «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»։

 

 

ՂԵԿԱՎԱՐԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ Է

Սեպտեմբերի 27-ին Արցախի առաջնագծում զոհված 20-ամյա Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ Պառավաքար գյուղից էր։ Կարենը տան փոքր զավակն էր, աշխատող, համեստ տղա։ Նա ունի մի քույր եւ եղբայր։ Պառավաքարի բնակիչները հայտնեցին, որ նրանց ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ։ Կարեն Մարգարյանը Պառավաքար համայնքի  երկարամյա ղեկավար, այժմ գյուղի վարչական ղեկավար Ռոլանդ Մարգարյանի եղբոր որդին  էր։ Սեպտեմբերի 29-ին Պառավաքարում  տեղի ունեցավ Կարեն Մարգարյանի հուղարկավորման արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

 

 

ԱՉԱՋՐԻ ԾՆՆԴԱՏՈՒՆԸ ՓԱԿՎԱԾ Է

Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատուն ծննդօգնության խնդրով դիմում էին ոչ միայն  Աչաջուր գյուղի, Իջեւանի տարածաշրջանի, այլ նաեւ Նոյեմբերյանի, Բերդի, Ալավերդու տարածքներից հղիներ։ Առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը հմուտ գինեկոլոգի համբավ ունի։ Այս տարի դադարեցվել է Աչաջրի  ծննդատան պետական ֆինանսավորումը։ Ծննդատան փակման լուրն իմանալով՝ 2020թ. հունվարի 12-ին աչաջրեցիները վրդովված հավաքվել էին  գյուղի կենտրոնում, 300 աչաջրեցիների գրավոր պահանջով կայացել էր  համայնքի ավագանու արտահերթ նիստ, որը որոշում էր ընդունել Աչաջրում կայացած հանրային քննարկման եզրակացությունը ներկայացնել ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին, Տավուշի մարզպետին։ Ծննդատան փակվելը ՀՀ առողջապահության նախարարությունը պատճառաբանում է ծննդօգնության բարելավման նպատակով արվող կենտրոնացումով։  Կ. Վարդապետյանի վկայությամբ՝  ամեն տարի Աչաջրի ծննդատունը 160-190 ծնունդ են ունեցել, անցյալ տարվա սկզբին խոսակցություններ տարածվեցին, որ ծննդատունը փակվում է, այդ լուրերի պատճառով 2020-ի տարեսկզին քիչ ծնունդ ունեցան, 2019-ին Աչաջրի ծննդատանը եղել է 80 ծնունդ։ Ծննդատան փակումից հետո Կ. Վարդապետյանը գտնվում էր հերթական արձակուրդի մեջ, ապա վեադարձել է աշխատանքի, նա շարունակում է տնօրինել  Աչաջրի  առողջության կենտրոնը։ Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը հայտնեց, որ Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատունը  այսուհետ գործարկելու համար հարկ է  վիրահատարան ունենալ, որի համար  մասնավոր կամ բարեգործական միջոցներից պետք է գումարներ հավաքագրել։ Այդ գումարները  հարկավոր են ոչ միայն վիրահատարանի  սարքավորումներ եւ կահավորանք  ձեռք բերելու, այլեւ  շենքը վերափոխման ենթարկելու համար։ Համայնքի ղեկավարն ասաց, որ 4700 բնակիչ ունեցող Աչաջրի բնակիչները կարծես թե համակերպվել են ծննդատան փակվելու հետ, իսկ Կորյուն  Վարդապետյանը որպես  բժիշկ- գինեկոլոգ հղիներին ընդունում է  Իջեւանի բժշկական կենտրոնում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս