24 ժամվա ընթացքում իսպանական Սեուտա անկլավից Մարոկկո են վերադարձել մի քանի հարյուր միգրանտներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վերադարձողների թիվը հասել էր 425-ի, իսկ չորեքշաբթի երեկոյից մինչև հինգշաբթի առավոտ ևս 174 մարդ Տարախալի սահմանային անցակետով ժամանել է Մարոկկո։ Չորս օրից էլ պակաս ժամանակահատվածում իսպանական Սեուտա անկլավից հեռացել է շուրջ 900 միգրանտ, ընդ որում՝ Մարոկկո կամավոր վերադառնալու տեմպերը նկատելիորեն արագացել են։
Դա պայմանավորված է Սեուտայում միգրանտների առջև ծառացած կենցաղային ծանր պայմաններով, մասնավորապես՝ սննդի, ջրի և կացարանի պակասով։ Շատերը ստիպված են գիշերել փողոցներում, լողափերին և պահեստներում՝ ապավինելով մարդասիրական կազմակերպությունների սահմանափակ օգնությանը։
Սեուտայում միգրանտների շրջանում արագորեն տարածվում է քոսը, և առկա է սալմոնելոզի, տուբերկուլյոզի, կարմրուկի ու խոլերայի բռնկումների մեծ վտանգ։ Իսպանիայի իշխանությունները կազմակերպում են հայրենադարձությունը։ Անկլավից հեռանալ ցանկացողները գրավոր դիմում են ներկայացնում, որից հետո նրանց ուղեկցում են մինչև սահմանային անցակետ։




























