Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի մասին հոդվածը.
«TIME-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ հնչեցրեց առ այն, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար: «Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ», – հոկտեմբերի 2-ին TIME-ի հետ հեռախոսազրույցում ասաց Փաշինյանը՝ մեղադրելով Էրդողանին ի աջակցություն Ադրբեջանի տարածաշրջան 1500–2000 սիրիացի ահաբեկիչներ ուղարկելու մեջ:
Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, Փաշինյանն ասաց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»: