«Մշակութային արժեքներին ձեռք տալ չի կարելի». ինչ սպասելիքներ ունի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, իսկ պատճառն էլ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծումն էր:

ArmLur.am-ի հետ զրույցում փոխնախարար Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) նշեց, որ բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ից նամակներ են հղվել նաև մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների՝ ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա:

«Արդյունքի կհասնենք, թե ոչ, բայց միջազգային կառույցները պետք է դրա մասին իրազեկված լինեն: Եթե մենք նայում ենք՝ աշխարհում ինչեր են կատարվել պատերազմների ժամանակ մշակութային առումով, ապա ավելի շատը դեկլարատիվ բնույթ է կրում: Ինչ էլ լինի, մշակությային արժեքներին ձեռք տալ չի կարելի, եւ դա ամրագրված է միջազգային կոնվենցիաներով, որոնց տակ ստորագրվել է հենց Ադրբեջանը: Գուցե ստորագրել է մի փաստաթղթի տակ, որը չի կարողացել ստորագրել կամ չի ընկալել, թե այնտեղ ինչ է գրված: Մշակութային արժեքների պահպանման մասին Հաագայի կոնվենցիան է առկա, նաև մի քանի այլ հռչակագրեր են տարածված մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին, կան նաև այլ պարտավորություններ ստանձնած նաեւ Ադրբեջանի կողմից», – նշեց նա:

Թուխիկյանի խոսքով, բոլոր կազմակերպություններն էլ տեղեկացված են այդ երևույթի մասին եւ ոչ միայն մեր նախարարության կողմից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին հակառակորդը երկու անգամ է հրթիռակոծել Շուշին: Ադրբեջանի կողմից հասցված երկրորդ հարվածի ժամանակ տեղում լրագրողներ են եղել, որոնք նկարահանում էին առաջին հարվածի հետևանքները։

Ն.Հ.




Լրահոս