COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում շարունակում է աճել, միայն վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման ավելի քան 473 հազար նոր դեպք, 6 578 մարդ մահացել է: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում նոյեմբերի 2-ի առավոտյան կազմել է 45 942 902, մահացել է 1 192 644 մարդ. հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում:
Վարակման դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում՝ 20 477 535, Եվրոպան երկրորդ տեղում է՝ 11 062 515, Ասիան՝ երրորդ՝ 8 251 788: Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում վարակվածների թիվն աճել է 473 311-ով, մահացել է 6 578 մարդ: Միեւնույն ժամանակ Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների եւ առանձին պետությունների այլ աղբյուրների տվյալները, արդեն հաղորդում է COVID-19-ով վարակման 46 437 615 եւ մահացության 1 199 693 դեպքերի մասին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը համավարակ էր հայտարարել:
Իրավիճակը ԱՄՆ-ում
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 81 հազար նոր դեպք, մահացել է 862 մարդ: Մեկ օր առաջ հաղորդվել էր 99.3 հազար նոր վարակվածների մասին, ինչը ռեկորդային ցուցանիշ էր համաճարակի սկզբից ի վեր: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 9 127 108 դեպք, մահացել է ավելի քան 230.000 հիվանդ, ապաքինվել՝ ավելի քան 3.6 մլն մարդ: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանություններին հաջողվել է կորոնավիրուսից մահացության մակարդակն իջեցնել 85 տոկոսի:
Կորոնավիրուսը՝ Բրազիլիայում եւ Հնդկաստանում
Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն աճել է 10 100-ով: Անցած մեկ օրվա ընթացքում COVID-19-ից երկրում մահացել է 190 մարդ: Այսպիսով, Բրազիլիայում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 5 545 705 մարդ, մահացել է 160 074 մարդ, ապաքինվել է մոտ 5 մլն մարդ:
Հնդկաստանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի 8 208 774 դեպք: Սա կազմում է վարակվածների ընդհանուր թվի 17.64%-ը: Մինչ օրս Հնդկաստանում մահացել է 122 424 մարդ, մահացությունը 1.49% է: 7 511 472 մարդ ամբողջությամբ բուժվել է վիրուսից, ապաքինումը կազմում է 91.51%:
Իրավիճակն աշխարհում
Չինաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերել է կորոնավիրուսի 24 դեպք, որոնցից 21-ը՝ ներմուծված: Ընդհանուր առմամբ, մայրցամաքային Չինաստանում համավարակի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 86 021 դեպք, ապաքինվել է 81 024 մարդ, COVID-19-ով վարակված 363 հիվանդներ շարունակում են մնալ հիվանդանոցներում, իսկ 4 634 մարդ մահացել է: Ֆրանսիայում բժիշկները վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 46290 դեպք. հայտնում է երկրի Sante Publique սանիտարական գործակալությունը: Ֆրանսիայում համավարակի սկզբից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 413 915-ի, մահացել է ավելի քան 37 հազար մարդ: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից 231 մարդ է մահացել: Իսպանիայում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 1 264 517 դեպք: Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 35 878 մարդ, մահացությունը 2.84% է: 150 376 մարդ ամբողջությամբ բուժվել է վիրուսից, ապաքինումը կազմում է 11.89%: Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 679 430 դեպք. սա կազմում է վարակվածների ընդհանուր թվի 1.46%-ը: Մինչ օրս Իտալիայում արդեն մահացել է 38 618 մարդ, մահացությունը 5.68% է: 289 426 մարդ ամբողջությամբ բուժվել է վիրուսից, ապաքինումը 42.60% է: Թուրքիայում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 2 106-ով, մահացել է 74 հիվանդ:
Ն. Պ.
ՓՈՐՁԵԼ ԵՆ ՍՊԱՆԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Համլետ Անտոնյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ հիմնարկի 2-րդ տեղամասի թիվ 52 խցում, մաքրություն կատարելու հարցի հետ կապված, վիճաբանել է նույն խցում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Մկրտիչ Խաչատրյանի հետ, որի ժամանակ Խաչատրյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ աջ եւ ձախ ձեռքում եղած ածելիներով հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի, զույգ ականջախեցիների, զույգ բազուկների, աջ դաստակի շրջաններում` պատճառելով առողջությանը թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայման հատկանիշներով: Հարվածներ հասցնելուն զուգահեռ սպանության սպառնալիքներ է տվել Խաչատրյանի հասցեին` ասելով՝ սպանելու եմ, մեռնելու ես, եւ փաստացի իր կողմից հնչեցված սպանության սպառնալիքները իրագործելու նպատակով շարունակել է ձեռքերում եղած ածելիներով հարվածներ հասցնել Խաչատրյանի կենսական կարեւորագույն օրգան համարվող պարանոցի հատվածին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ կանխվել է ՔԿ աշխատակիցների միջամտությամբ: Այսինքն՝ Համլետ Միշայի Անտոնյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քր.օրի 34-104 հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձ):
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված եւ վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (Միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 2020 թվականի նոյեմբերի 2-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել մերօրյա հերոսների սխրանքներն ու հերոսությունները, որոնք իրականացվում են առաջնագծում՝ հանուն հայրենիքի։ Հոկտեմբերի 31-ին պաշտպանության բանակը հայտնեց, որ գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու եւ թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար: Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում եւ պետական սահմանները պաշտպանելիս դրսեւորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգեւատրվի «Արիության համար» մեդալով: Նկատենք, որ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը առաջին անգամ չէ, որ հերոսություն է անում եւ արժանանում է մեդալի: Armlur.am-ը պարզեց, որ դեռեւս 2016 թվականի հունվարի 23-ին Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում է կայացրել Բանակի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար թիվ 82296 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանին պարգեւատրել «Մարտական ծառայության» մեդալով:
ՄԱԿ-Ի ԴԻՄԱՑ
Երեկ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքացիներ, որոնք պահանջում էին ուշադրություն դարձնել թուրք-ադրբեջանական հանցագործություններին։ Ըստ մասնակցների՝ թուրք ղեկավարներն ամեն հայ զինվորի գլխի համար ահաբեկիչներին հավելյալ 100 դոլար են խոստացել, իսկ Եվրոպայում գլխատված մեկ անձի համար ամբողջ աշխարհը ցավակցական ուղերձներ է հղել։ Նրանք նշում են, որ այսօր պատերազմական հանցագործություն են իրականացնում Թուրքիան եւ Ադրբեջանը՝ ֆոսֆորային քիմիական զենք կիրառելով հայերի նկատմամբ, իսկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը նյութը դնում է իր Ֆեյսբուքյան էջում, այն էլ՝ փակ, մի քանի ընկերների համար: Սա դարի խայտառակաությունն է։ Ակցիայի մասնակիցներից մեկի պնդմամբ՝ այս կառույցին չի ներվելու հայ զինվորների մահը։ «Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչեւ դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է եւ ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»։ Ակցիայի մասնակիցները փակել էին ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, մինչեւ գրասենյակի ղեկավար Շամբի Շարփը չհանդիպի իրենց հետ: Այնուհետեւ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնեցված կառույցի դրոշը ակցիայի մասնակիցները ձողերով իջեցրել ու պոկել են։