Երեկ մարտական ակտիվ գործողությունները ղարաբաղյան ճակատի ամբողջ գծով դադարեցվել են: Պաշտպանության բանակից հայտնել էին, որ ժամը 06:00-ից սկսած՝ պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի միջեւ հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար եւ ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։
Ըստ հայտարարության՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր։
Արցախում 44 օր տեւած պատերազմի, Ադրբեջանի ձգտումների պատճառների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ լեհ Կոսմա Զլոտովսկիի հետ:
-Պարո՛ն Զլոտովսկի, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում պատերազմը հենց այս շրջանում սկսվեց:
-Միգուցե ադրբեջանցիները մտածում էին՝ նրանք շատ հարուստ եւ բավական ուժեղ են՝ լուծելու համար իրենց դարավոր հակամարտությունը: Սակայն ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ էլ հայերը չեն ընդունում այլ ազգի ներկայությունն այդ տարածքում: Փաստերն ինքնին խոսուն են եւ վկայում են, որ հայերն այնտեղ ապրել են ավելի քան 17 դար, բայց տարածքը պաշտոնապես պատկանում է Ադրբեջանին: Եվ ինչո՞ւ է այդ տարածքը Ադրբեջանի կազմում: Պատասխանը, որը Դուք պետք է որոնեք 1813 թ.-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ադրբեջանը միացրեց Լեռնային Ղարաբաղին, բայց առանց մնացած Հայաստանի: 1828 թվականից հետո, երբ Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը, սահմանները չփոխվեցին: Դա այն պատճառով է, որ Ռուսաստանը ցանկանում էր ունենալ սառեցված հակամարտություն, որը կարող էր ապասառեցվել ամեն անգամ, երբ Ռուսաստանն օգտակար էր համարում:
-Իսկ ի՞նչ դեր ունեցավ Թուրքիան այստեղ, իսկ վարձկաննե՞րը: Որքա՞ն ազդեցություն ունեցավ Սիրիայից վարձկանների տեղափոխումը Կովկաս:
-Թուրքիան սատարում է ազերիներին, եւ դա ամենեւին էլ տարօրինակ բան չէ: Նրանք իրենց զգում են որպես մեկ ազգ: Ամենեւին զարմանալի չէր նաեւ Սիրիայից վարձկանների տեղափոխումը: Թուրքիան դրանով կարող է իսլամական ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իրենք իսլամի պաշտպաններ են: Բայց, մյուս կողմից, հայերը կարող էին ասել, որ իրենց վրա հարձակվում էին ոչ միայն հարեւան պետությունները, այլ հիմնականում իսլամական ռազմիկները: Իմ կարծիքով՝ Սիրիայից եկած վարձկանները ռազմական նշանակություն չունեն, բայց նրանց ներգրավվածությունը կարող է օգտագործվել երկու կողմերի քարոզչության մեջ: Այնուամենայնիվ, սխալ է վերլուծել այս հակամարտությունը բացառապես կրոնի պրիզմայով:
-Իսկ Դուք ինչպե՞ս էիք տեսնում այս հակամարտության լուծումը:
-Նախկինում ես նշել եմ երկու փաստ. հայերը ապրում են Լեռնային Ղարաբաղում առնվազն 3-րդ դարից մինչ այժմ: Սահմանները արհեստական են, բայց կանգնած են ռուսների կողմից` նրանց շահերից ելնելով, ոչ թե տարածաշրջանի ազգերի: Այսպիսով, հակամարտության միակ լուծումը կարող էր անցկացվել երկու ժողովուրդների կողմից` առանց ուրիշների, հատկապես ռուսների միջամտության: Ցավոք, երեկ հայտարարված զինադադարը ցույց է տալիս, որ Ռուսաստանը դեռ ղեկավարում է հակամարտությունը: Չեմ կարծում, որ տեւական խաղաղություն կարելի է կառուցել այս ճանապարհով:
-Այսինքն՝ ԵՄ-ն եւ Մինսկի խումբը դերակատարում չունեի՞ն:
-Ակնհայտ է, որ ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Եվրամիությունը չէին կարող լուծել այս հակամարտությունը: Այն կարող էր լուծվել միայն երկու կողմերի կողմից եւ նրանց միջեւ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՌԴ-Ն ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԼՂ
Նոյեմբերի 10-ի գիշերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների կետերից մեկը տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումն է։
Ընդհանուր առմամբ, 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկայով խաղաղապահ զորակազմ կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուս խաղաղապահների ստորաբաժանումների տեղափոխումը առաքելության կատարման տարածք իրականացվում է Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով։ Առաջին Իլ-76 բեռնատար ինքնաթիռները՝ ռուս զինվորականներով ու տեխնիկայով, արդեն թռել են Լեռնային Ղարաբաղ։
Երեկ ArmLur.am-ը կադրեր էր ֆիքսել Արագածոտնի մարզում, թե ինչպես էր ռուսական զորքն արդեն Երեւանում եւ պատրաստվում ուղեւորվել դեպի Ստեփանակերտ:
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Համաձայն այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում լիակատար հրադադարը սկսվում է նոյեմբերի 10-ից, Հայաստանն ու Ադրբեջանը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, ինչպես նաեւ սկսվում է ռազմագերիների փոխանակում։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են ռուս խաղաղապահներ։ Ստացվում է՝ որոշման մասին դեռ պաշտոնապես չէր ասվել, սակայն ռուս խաղաղապահ ուժերն արդեն Հայաստանում էին:
Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը հիմնականում Մոսկվայի վաստակն է։ Նման կարծիք է հայտնել ՌԴ պետական ինքնիշխանության պաշտպանության Դաշնության խորհրդի հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը. գրում է ՌԻԱ Նովոստին: «Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագիրը հիմնականում Մոսկվայի վաստակն է»,- հայտարարել է սենատորը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նա նաեւ նշել է, որ այս համաձայնագիրը ոչ մի կերպ չի ժխտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Կլիմովը հիշեցրել է, որ ավելի վաղ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ընդհանուր դիրքորոշում էին հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի անհրաժեշտության վերաբերյալ: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ են, ինչպես եւ Թուրքիան: Կլիմովը նաեւ չի բացառել, որ Անկարան «խորհում է, թե ինչ այլ բան կարելի է անել» ղարաբաղյան ուղղությամբ: Սենատորն ընդգծել է, որ «ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը շատ լուրջ, տարողունակ, շատ յուրահատուկ փաստաթուղթ է, որը հնարավորություններ է ստեղծում իրավիճակի կարգավորման առումով հետագա քաղաքական եւ դիվանագիտական քայլերի համար»:
ՎԱՅՐԷՋՔ ԿԱՏԱՐԵՑ
Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությամբ Իլ-76 առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում. այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «Ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը` ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներով, վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներով ՌՏԱ ինքնաթիռների ընդունման համար»,-հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Քննարկվել է իրավիճակը ԼՂ-ում՝ կապված ս.թ. նոյեմբերի 9-ին ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հայտարարության հետ»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի հաստատումը։ «Մենք հավատացած ենք, որ եթե հակամարտող կողմերը հավատարիմ մնան միջազգային օրենքներին, հնարավոր կլինի բանակցությունների եւ քաղաքական ճանապարհով վերջ տալ այս հին հակամարտությանը։ Գոհունակություն հայտնելով պատերազմի ավարտվելու առնչությամբ՝ հույս ունենք, որ ձեռք բերված համաձայնագիրը հրադադարը կյանքի կկոչի»,- իր էջում գրել է Վաեզին:
ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին եւ Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթին, որը վերաբերում է հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային կարեւորության հարց է, որը վերջնականապես կարող է լուծվել՝ միայն համազգային կոնսենսուսի հիման վրա։