ՊԵՏՔ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԻՆՔ ՇԱՏ ՎԱՏԻ ԵՎ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու մասին շատ ծանր պայմաններով հայտարարությունն ընդունվել է իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ պետք է համախմբվել եւ պատրաստվել պայքարը շարունակելուն: «2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի եւ ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ:

 

Որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություն է ներկայացրել հակառակորդի գործողությունների հավանական բնույթի եւ նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ։ Դա իրականությանը չի համապատասխանում։ Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին եւ արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաեւ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը եւ մեր զինուժի կարողությունները: Ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ այլեւս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաեւ Թուրքիան: Հետեւաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն: Տրված առաջարկը անվտանգության խորհրդի եւ վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ինչ պետք է անենք: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ եւ ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատեւ պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել եւ հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր ե՛ւ  սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, ե՛ւ  մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:

Այդ ժամանակ բարձրացվեց նաեւ հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը:

Ինչեւէ, պատերազմից մենք չկարողացանք խուսափել, եւ սեպտեմբերի 27-ին թշնամին բազմակի անգամ գերազանցող ուժերով անցավ լայնածավալ հարձակման Արցախի ողջ ճակատով: Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ էր մղում նրա բոլոր գրոհները` հասցնելով մեծ կորուստներ, ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ եւ զինտեխնիկա: Ցավոք, նաեւ մեր զորքերն էին կրում ծանր կորուստներ:

Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրեցի մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաեւ վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաեւ անվտանգության խորհրդի նիստերում: Պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը եւ առաջարկությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից մերժվել են, եւ մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ:

Բոլորիս համար շատ ծանր պայմաններով համաձայնագիրը ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի եւ ողբերգության միջեւ: Նախընտրել ենք շատ վատը: Այդ օրը իմ կյանքի վատագույն օրն էր, ինձ համար անձնական ողբերգություն…

Բայց գիտակցումը, որ այդ որոշման արդյունքում հաջողվեց պահպանել Արցախի մեծ մասը եւ պաշտպանության բանակի հիմնական ռազմական ներուժը, ասում է, որ մենք ընկճվելու իրավունք չունենք. պետք է համախմբվել, արագ վերականգնվել եւ պատրաստվել պայքարը շարունակելուն: Որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ անմիջական հրամանատար՝ ես պատասխանատվություն եմ կրում զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար:

Խոնարհում եմ գլուխս բոլոր նահատակների հիշատակի եւ նրանց հարազատների առջեւ: Մեզ պարտադրվեց շատ դաժան պատերազմ, եւ անհավասար պայքարում հայ զինվորն ու սպան ցույց տվեցին մինչեւ վերջ կռվելու վճռականություն ու բարոյակամային ամենաբարձր որակներ»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 

ՄԱԿ-Ի ԽՈՒՄԲՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է

ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ապացույցների վրա. այս մասին հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը: ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ եւ կոչ արել անհապաղ հեռացնել նրանց: Հայտարարությունում տեղ են գտել պնդումներ, որոնք ավելի վաղ աշխատանքային խմբին ներկայացրել էր Պաշտպանը։

 

Հոկտեմբերի 3-ից սկսած՝ ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 4 դիմում, որով վերլուծվել  եւ ՄԱԿ են ուղարկվել ապացույցներ վարձկանների հավաքագրման, տեղափոխման եւ վարձատրության հարցերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է պաշտոնական հաստատում, որ իր դիմումներին տվել է առանձին ընթացք:

ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը մտահոգիչ է համարել Թուրքիայի ենթադրյալ դերը Սիրիայից Ադրբեջան զինված խմբավորումներ ուղարկելու մասին փաստերը։ Մասնավորապես, ահաբեկիչներն Ադրբեջան են մեկնել շահույթ ստանալու նպատակով՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Հաղորդվում է, որ մահվան դեպքում նրանց հարազատներին խոստացվել է ֆինանսական փոխհատուցում եւ Թուրքիայի քաղաքացիություն: Ավելին, արձանագրել է, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի գրոհայինները հավանաբար առնչություն ունեն զինված այն խմբերի եւ անհատների հետ, որոնք մեղադրվում են Սիրիայի հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ եւ մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարելու մեջ, ինչն անհնարին է դարձնում պատժելիությունն ու ռիսկեր ստեղծում միջազգային իրավունքի խախտումների համար։

Աշխատանքային խումբը կոչ է արել աջակցող պետություններին անմիջապես դուրս բերել վարձկաններին եւ մասնակցություն չունենալ վարձկանների հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը եւ տեղափոխմանը։

Աշխատանքային խմբի փորձագետները վերոհիշյալ պնդումների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարություններին եւ տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարեւոր է համարում միջազգային մարմինների հետ անհատական աշխատանքները՝ հասնելու համար արձանագրմանը, որ վարձկան ահաբեկիչները կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ։

 

 

 

ՄԻԵԴ ԵՆ ԴԻՄԵԼ

Երեկ ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում:  Ներկայացված դիմումով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը եւ զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը՝ բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

 

 

 

ԿԱՊԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

Արցախում պատերազմից հետո լայն թափով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը նշեց, որ Արցախում կապն ամբողջությամբ վերականգվել է: «Արցախում վերջին շրջանում ե՛ւ բջջային կապի, ե՛ւ ինտերնետ կապի խնդիր կար: Պատերազմի ընթացքում շատ անգամ են թիրախավորվել «Ղարաբաղ տելեկոմ»-ի կայանները: Հիմա վերականգնման աշխատանքները վերջնական փուլում են: Այսօր կարող ենք ասել, որ Արցախում կապի խնդիր չկա»,-ասաց Հունան Թադեւոսյանը:

Պատերազմի ընթացքում թե՛ ջրամատակարարման, թե՛ էլեկտրամատակարարման, թե՛ գազամատակարարման հանգույցները եւս թիրախավորվել էին: Այս կարճ ժամանակահատվածում հնարավոր է եղել վերականգնման աշխատանքներում զգալի առաջընթաց գրանցել: Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ստեփանակերտում մի քանի թաղամաս է մնացել, որ գազամատակարարման ապահովման հարցերն ամբողջությամբ կարգավորվեն: Այդ աշխատանքները միաժամանակ իրականացվում են նաեւ Մարտունու, Մարտակերտի շրջաններում: Հունան Թադեւոսյանը տեղեկացրեց, որ բժշկական հաստատությունների աշխատանքի վերականգնման առումով եւս տեղաշարժ է նկատվում: Արդեն հայտարարվել է, որ բուժհաստատություններն անցնում են բնականոն աշխատանքի: Փրկարարները ներգրավված են դիակների որոնողական աշխատանքներում՝ աշխատելով ռուս խաղաղապահների, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:




Լրահոս