ԲԵՐՁՈՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը, անդրադառնալով հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել, ասել է. «Մարդիկ ուզում են տեղափոխվել, մենք էլ վառելիքով եւ այլ  միջոցներով օգնում ենք, որ տեղափոխվեն, որովհետեւ վարկած կա, որ ադմինիստրատիվ ղեկավարումը կա՛մ կմնա ադրբեջանցիներին, չնայած դա արդեն իսկ այս պահին հստակ է, որ այդպես չի լինի, ամեն դեպքում երեւի թե կլինի ռուսական, կամ չի լինի ադմինիստրացիա, ուղղակի այստեղ ո՛չ հայ բնակչություն կլինի, ո՛չ ռուս բնակչություն, բայց սա հստակ ինֆորմացիա չէ: Իմ անմիջական ղեկավարը պետնախարարն ու Արցախի նախագահն են, այս պահի դրությամբ տարհանման պաշտոնական հրահանգ ես չունեմ, որոշ գործողություններ կատարվում է միմիայն իրավիճակից ելնելով եւ իմ պատասխանատվության ներքո»։

 

Նշենք, որ նախօրեին Քաշաթաղի շրջանի վարչակազմի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր արվել, սակայն քիչ հետո՝ հեռացվել։ Ըստ այդ հաղորդագրության՝ պաշտոնապես հայտարարեցին,  որ ոչ մի բնակչի չի հրահանգվել մինչեւ նոյեմբերի 30-ը Բերձորը լքել, եւ շրջանառվում է վարկած, թե, իբր, դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։

«Սա դեռ վարկած է, որի հերքման կամ հաստատման մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, ըստ այդմ՝  ոչ ոքի չէինք կարող հրամայել, որ լքեն քաղաքը…»,- ասվում էր հաղորդագրության մեջ։ Հարցին, թե ինչո՞ւ է հաղորդագրությունը հրապարակվելուց որոշ ժամանակ անց հեռացվել, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանել է. «Աշխատակցուհին, որը դա արել է, կարծում եմ՝ մոտ ապագայում աշխատանքից կհեռացվի»: Ըստ նրա հաղորդագրության՝ թե՛ տեղադրումը, թե՛ հեռացումը համաձայնեցված չի եղել իր հետ։ «Դա դեզինֆորմացիա է եղել»,- շեշտեց նա։

Թե ովքեր են այդ վարկածը շրջանառել հարցին Մուշեղ Ալավերդյանը չի պատասխանել՝ պատճառաբանելով, թե ինքն իրավունքը չունի պաշտոնյաների կամ որեւէ այլ  հստակ աղբյուրը նշելու։ Նրա խոսքով՝ Բերձորում ճամպրուկային տրամադրություններ են,  բնակիչներն իրենց իրերն են հավաքում, որ հեռանան իրենց քաղաքից։ Բերձորի բնակիչները թիվը, ըստ նրա, 2200-ն է։

«Այս պահին փորձում ենք ժամանակավոր կացարաններով ապահովել, հետագայում երեւի բոլորին կտեղափոխենք Ստեփանակերտ։ Այս հարցին հստակ չպատասխանեմ, որովհետեւ մինչեւ ամսի 1-ը կհասկանանք իրավիճակը, հետո կփորձենք այդ մարդկանց սոցիալական խնդիրներով զբաղվել, եթե, իհարկե, Աստծո կամոք ողջ լինենք»,- ասել է նա։

Ինքն անձամբ չի պատրաստվում հեռանալ Բերձորից, որովհետեւ չի ուզում։ Կա՞ն էլի ցանկացողներ, որոնք չեն ուզում գնալ Բերձորից. ըստ Ալավերդյանի՝ կլինեն։ Ասում է. «Բերձորում վտանգավոր չի լինելու, բայց ինֆորմացիան այնպիսինն է, որ մարդիկ չպետք է մնան: Ամեն դեպքում, Բերձորը չի հանձվում ադրբեջանցիներին»: Վերջինս հրաժարվել է ասել, թե ում է անցնելու Բերձոր քաղաքի կառավարումը, «որպեսզի խուճապ չտարածի»։

«Ամեն դեպքում, չի բացառվում, որ Բերձորի կառավարումը մնա հայկական»,- շեշտել է նա, ապա հավելել, որ բանակցությունները շարունակվում են։ Իսկ թե ում հետ են բանակցությունները շարունակվում, Մուշեղ Ալավերդյանը դա էլ չգիտի, միայն նշում է. «Այն կողմերի հետ, որոնք շահագրգռված են եւ որոշակի պատասխանատվություն կամ որոշակի լծակներ ունեն նմանատիպ հարցերը վերջնականապես որոշելու»:

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՋԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ

Նախկինում Իջեւանի քաղաքապետի տեղակալ, ապա Իջեւանի անտառտնտեսության տնօրեն, Աժ  նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ  Սուրեն Մանուկյանը հայրենակիցներին կոչ է հղել եւ նշել, որ  ինքը  ԱԺ առաջին պատգամավորներից մեկն է  եղել, ով 2018թ. գարնանը, անտեսելով բազմաթիվ խանգարող հանգամանքներ եւ հաշվի առնելով հանրային համընդհանուր պահանջը, միացել է թավշյա հեղափոխությունը եւ իր հետագա պատգամավորական գործունեության ընթացքում ուժերի ներածի չափով սատարել է այդ  շարժման արժեքների իրագործմանը, պահպանմանը, եւ հավելել.

 

«Այժմ, երբ արդեն բավականին ժամանակ է անցել, մենք տեսնում ենք, որ այդ հեղափոխության փաստացի կրողները շեղվել են ուղեծրից եւ բազմաթիվ անգամ ոտնահարել են այդ հեղափոխության բարձրագույն արժեքները, փաստացի չեն  կատարել հեղափոխության բուն ընթացքում եւ  դրանից հետո իրենց կողմից հնչեցված եւ ոչ մի խոստում, որոնք կտրուկ, շրջադարձային փոփոխություն պետք է բերեին Հայաստանի Հանրապետության քաղաքացու  եւ, առհասարակ, հայ ժողովրդի կյանքում: Ավելին՝ փաստացի նրանք է՛լ ավելի են վատթարացրել ՀՀ քաղաքացու կյանքը՝ հասնելով ընդհուպ հայոց պետականությունը կործանման վտանգի առաջ կանգնեցնելուն: Թերեւս այս է այն հիմնական պատճառը, որը հայ ժողովրդի մեջ այլեւս ակնհայտորեն առաջացրել է հանրային նոր՝ բոլորովին այլ պահանջ, ինչն էլ վկայում են այն հարյուրավոր քաղաքացիները, որոնց հետ վերջին շրջանում ունեցել եմ բազմաթիվ բանավեճեր, զրույցներ, քննարկումներ: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ արձագանքելով բազմաթիվ քաղաքացիների խնդրանք-պահանջներին՝ տեղեկացնում եմ, որ դուրս եմ գալիս փողոց՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների միջոցով պայքարելու մեր ժողովրդին խաբած, ժողովրդական համընդհանուր շարժմանը «տեր» ինքնահռչակված, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքները փաստացի ոտնահարած եւ ոտնահարող անձանց դեմ»։

Սուրեն  Մանուկյանը  հետագա անելիքների, գործողությունների  քննարկման, մշակման եւ իրագործման նպատակով երեկ իջեւանցիներին հրավիրել է Իջեւանի շատրվանների հրապարակ։ Համացանցում նրա կոչին արձագանքելով՝ ոմանք մեղադրել են, թե ինչու նախկին իշխանությունների  կատարած  սխալները նա  չէր տեսնում,  այլ միայն վերջին  երկուսուկես տարվա։ Սակայն քիչ չեն իջեւանցիները, որոնք, նրա կոչին արձագանքելով, նշել են, որ   նախկինների ժամանակ մենք հպարտ, հաղթած ազգ էինք, իսկ հիմա ով ենք մենք՝ կոտրված մեռած հոգիներով ժողովուրդ, եւ դրա համար  մեղադրել են համերկրացի Նիկոլ Փաշինյանին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կարծում է, որ Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված որոշ սահմանափակումներ տնտեսապես բացասական հետեւանքներ են ունենում: Գորգիսյանը նման տեսակետ հայտնել է ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրությունը վերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով ասվում է, որ ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել: Դա կարող է անել կառավարությունը կամ ԱԺ-ն: Հաշվի առնելով, որ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման մեջ նշված հանգամանքներն այլեւս չկան՝ «Լուսավոր Հայաստանը» «Բարգավաճ Հայաստանի» հետ համատեղ նախաձեռնել է արտահերթ նիստ, որով առաջարկում է ընդունել ԱԺ որոշում՝ վերացնելու ռազմական դրությունը»,- ասել է պատգամավորը: Ըստ նրա՝ ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոփոխվել է, բայց բոլոր սահմանափակումները դեռ շարունակում են մնալ: Պատգամավորը շեշտել է, որ այդ սահմանափակումները վերաբերում են ժողովրդավարության հիմքերին՝ խոսքի ազատությանը, մարդու ազատ տեղաշարժման իրավունքին, հավաքների եւ գործադուլների ազատությանը: Գորգիսյանի կարծիքով՝ որոշ սահմանափակումներ տնտեսական տեսանկյունից եւս բացասական հետեւանքներ են ունենում: «Բազմաթիվ անձինք, որոնք երկքաղաքացիություն ունեն, այսօր չեն կարողանում դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, որ կարողանան իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, մեկնել արտագնա աշխատանքի եւ գումարներ ուղարկել Հայաստան: Այն քաղաքացիները, որոնք զորակոչվել են եւ դեռեւս գտնվում են տարբեր զորամասերում, մշտական տեղակայման վայրերում, որեւէ մարտական խնդիր չեն կատարում հիմա: Եվ շատ քաղաքացիներ, որոնք իրենց աշխատավայրը, տնտեսական գործունեությունը թողել եւ գնացել են, գտնվում են այդ իրավիճակում, չեն կարողանում զբաղվել իրենց տնտեսական գործունեությամբ»,- նշել է նա ու կարծիք հայտնել, որ գործում են սահմանափակումներ, որոնց անհրաժեշտությունը չկա, եւ դա ունենում է տնտեսական հետեւանքներ: Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել առաջարկի՝ ուժի մեջ մտնելը հետաձգել մի քանի օրով:

 

 

 

3 ԲԱԼ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:45-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արեւմուտք։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։




Լրահոս