Այսօր մեր աշխատակազմի բժշկի ու իրավաբանների հետ այցելել ենք Այրվածքաբանության ազգային կենտրոն և տեղում ձեռք բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ուսումնասիրությունները կատարել ենք հատուկ սարքերի օգնությամբ:
Արձանագրված փաստերը հիմնավոր են դարձնում այդ ենթադրությունը:
Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը՝ դժվար ենթարկվող: Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:
Ըստ բժիշկների՝ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ իրենց պրակտիկայում հանդիպած դեպքերից:
Այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ: