Լուսանկարն արվել Է Երեւանում
Երեկ, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Դեռեւս անհայտ հանգամանքներում, Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարեւանությամբ, հրդեհ է բռնկվել 22-ամյա Էրիկ Սաղոյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչով է բացատրվում բանկերում եւ փոխանակման կետերում փոխարժեքների էական տարբերությունները կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքներից:
Համլետ Միրզոյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է ամեն օր՝ ժամը 15:45` հիմք ընդունելով տվյալ օրվա մինչեւ ժամ 14:30 ՀՀ ԿԲ հաշվե տու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, որը, որպես կանոն, տարբերվում է առանձին բանկերի կողմից նշվող փոխարժեքներից: Բնականաբար, հաջորդ օրը եւս արտարժույթի շուկայում նոր զարգացումների արդյունքում հնարավոր են փոխարժեքի տատանումներ եւ շեղումներ արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքից, որոնք արդեն չեն կարող ազդել նախորդ օրվա հրապարակված գործող փոխարժեքի վրա:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո:
ՕՐԵՆՔ
ՀԱՐՑ. Ե՞րբ կարելի է համարել, որ իրավաբանորեն կուսակցությունը գրանցված է։ Ե՞րբ կարող է կուսակցությունը մասնակցել սպասվող ընտրություններին:
Կարեն Սահակյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կուսակցության` որպես իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից: Այսինքն՝ որպես սուբյեկտ կուսակցությունը սկսում է իր գործունեությունը, ձեռք բերում իրավունքներ գրանցման պահից։ Պետական գրանցման պահին կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 800 անդամ, որոնք ներկայացնում են Երեւան քաղաքը կամ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ը կամ Երեւան քաղաքը եւ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ը, ինչպես նաեւ տարածքային ստորաբաժանումներ`
Երեւան քաղաքում` առնվազն երեք ստորաբաժանում,
Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/3-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում,
Երեւան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն 1/4-ում` յուրաքանչյուրում առնվազն մեկ ստորաբաժանում:
Կուսակցության պետական գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Արդարադատության նախարարությունը:
Պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին է ներկայացնում.
կուսակցության կանոնադրության առնվազն երկու օրինակ; հանրային կյանքի կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումներն արտացոլող ծրագրի առնվազն երկու օրինակ; պետական գրանցման մասին դիմում՝ ստորագրված կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների կողմից` նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների եւ հաշվառման հասցեի նշումով։
շարունակելի
«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենք
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կուսակցության պետական գրանցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը համընդհանուր իրազեկման նպատակով ենթակա են հրապարակման պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքում։