ԴԵԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԺ-ԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի դեկաններ ու ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են Ազգային ժողովից հետ կանչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեկանները հայտարարություն են տարածել. «ԵՊՀ դեկաններ եւ ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական եւ կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության եւ գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։

 

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջեւ ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ եւ անհայտ կորածներ, ինչպես նաեւ սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03.12.2020թ. նիստում անհիմն եւ անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի եւ չզեկուցվող հարց, օրակարգում ընդգրկեց եւ, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու եւ ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում եւ արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների եւ հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես եւ բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից  եւ ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչեւ 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ եւ տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության եւ գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

ա) անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից,

բ) հանրապետության գիտական եւ կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության եւ գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար:

Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ իրականացնելու Սահմանադրությամբ եւ օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը եւ կիրարկումը կանխելու համար»:

Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ անձինք՝

Ռուբեն Մելքոնյան (Արեւելագիտության ֆակուլտետի դեկան); Էդիկ Մինասյան (Պատմության ֆակուլտետի դեկան); Գեղամ Պետրոսյան (Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան); Գեւորգ Բարսեղյան (Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան) Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան  (Աստվածաբանության ֆակուլտետի դեկան); Խաչիկ Ներկարարյան (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան); Ալեքսան Բաղդասարյան (Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան); Մարատ Գրիգորյան (Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան); Հայկ Սարգսյան (Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան); Գագիկ Ղազինյան (Իրավագիտության ֆակուլտետի դեկան); Տարիել Ղոչիկյան (Քիմիայի ֆակուլտետի դեկան); Ռաֆիկ Հակոբյան (Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան); Արթուր Մկրտիչյան (Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան); Նաղաշ Մարտիրոսյան (ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան); Պավել Բալայան (Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան); Արամ Սիմոնյան (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն); Աշոտ Սաղյան (Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն); Սամվել Շուքուրյան (ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի տնօրեն); Արմեն Ավետիսյան (ԵՊՀ արհմիության նախագահ; Դավիթ Ափոյան (ՈՒԽ նախագահ):

 

 

 

ԴԻՄՈՐԴԻՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼԸ

ՀՀ Կառավարության նիստում հաստատվեց 2020-2021 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը. բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը:

 

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որեւէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետներում: Մինչդեռ տակավին գործող Հայսատանի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»: Կորոնավիրուսի համավարակի եւ բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, եւ հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարեւորագույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների:

ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռեւս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է եւ պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին:

Առարկայի հանդեպ այս վերապահ վերաբերմունքը մենք դիտարկում ենք որպես  տրամաբանական շարունակություն Կառավարության ձախավեր նախագծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։ Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ: Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ եւ մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաեւ մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է եւ կա որպես հայերենագիտության զարգացման  անխարխար կենտրոն ու կայուն երաշխավոր»:

 

 

 

ԳՆԴԱԿՈԾՎԱԾ ՏՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ ԿԻՍԱՏ Է

2020թ. հուլիսի 12-14-ը  ադրբեջանական գնդակոծությունից  եւ  հրետակոծությունից Բերդ համայնքի Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում  շատ առանձնատներ վնասվեցին։ Դրանց նորոգումը մեծ թափով սկսվեց, սակայն սեպտեմբերի 27-ից՝ Արցախում պատերազմ սկսվելուց հետո, աշխատանքները դադարել են։ Այգեպարի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Յամուկյանի հետ շրջել եմ  սահմանամերձ գյուղի վնասված տներում։ Յամուկյանը հայտնեց, որ վնասված տների տանիքների 90 տոկոսը փոխվել է։ Բլրին՝  ադրբեջանական հենակետերի դիմաց գտնվում են  Լիդա Ղազարյանի եւ Էվելինա Հովհաննիսյանի տները։ Հրետակոծությունից Լ. Ղազարյանի տունը հրդեհվել է, այն պիտանի չէ բնակչության, Լիդան ստիպված է   ապրել  իր տղայի, աղջկա տներում։ Որոշվել է, որ  խիստ  վնասված երկու տները չպետք է վերականգնեն, քանի որ դրանք  գտնվում են գնդակոծության համար շատ խոցելի տեղում, այդ առանձնատների տերերի համար Այգեպարում տներ պետք է գնվեր. Է. Հովհաննիսյանի համար տուն գնելու փաստաթղթերը  պատրաստ են, սակայն գործը կիսատ է մնացել։ Այգեպարցի Ալյոշ Կարապետյանի տուն է ադրբեջանական արկը  ընկել, ավերածություններ արել, տան տանիքը պոկել են՝ փոխելու համար, սակայն գործը չի արվել։ Ալյոշ Կարապետյանը 1992թ. Բերդ քաղաքում զոհվել է ադրբեջանական հրետակոծության ժամանակ, նրա ընտանիքը այժմ ՌԴ-ում է։ Այգեպարցի Օնիկ Առաքելյանի տանը կատարված վերականգնողական աշխատանքերը կիսատ են, երկրորդ հարկ տանող աստիճանները տեղադրված չեն, փայտե խարխուլ սանդուղքով Օնիկը մի կերպ բարձրանում է երկրորդ հարկ: Նա որպես վարպետ մասնակցել է գյուղում վերականգնողական աշխատանքներին, որի դիմաց «Տավուշշինը» նրան պարտք է 70 հազար դրամ։ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ իրենց գյուղում հուլիսի 12-14- ից  գնդակոծությունից  վնասված 4 տուն կա, որից 3-ի նորոգումը չի սկսվել, մեկինն էլ կիսատ է մնացել։ Այգեպարում վերականգնողական աշխատանքներ կատարած «Տավուշշին» ԲԲԸ  գործադիր տնօրեն Վաչիկ Ապրեսյանին հարցրի, թե իր կազմակերպության կատարած աշխատանքների դիմաց պետբյուջեից ֆինանասավորումն ինչ չափով է արված, «Տավուշշինը» որքան գումար է պարտք շինանյութի խանութներին, աշխատանքները կատարած բանվորներին, վարպետներին։ Վ. Ապրեսյանը չցանկացավ այդ մասին հայտնել՝ ընդունելով, որ իրենց կազմակերպությունը աշխատողներին եւ շինանյութի  մատակարարներին մեծ պարտքեր ունի։ Ե՞րբ է վերսկսվելու ադրբեջանական գնդակոծությունից եւ հրետակոծությունից վնասված տների նորոգումը, կատարված աշխատանքների համար ինչքա՞ն ֆինանսավորում է արվել. այս մասին հարցրի Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Մուշեղյանին, նա ասաց, որ հարցերն ուղղեմ գրավոր՝ պաշտոնական կարգով։ Մարզպետարան պաշտոնական հարցումն  ուղարկել եմ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս