ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար  եւ արտոնյալ պայմաններով։ Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն  ցուցաբերելու նպատակով:

 

Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության  նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների եւ ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաեւ ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար  եւ արտոնյալ պայմաններով: Ըստ այդմ, նախատեսվում է «ՀՀ պետբյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաեւ փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում դեպքերի թվի ավելացում շուրջ 4000-ով, որի համար կպահանջվի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ ՀՀ դրամ։

Կարեւորելով ընդունված որոշումը վարչապետը նշել է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա: «Ընդ որում, այդ ծախսերը վերցնում է  իր վրա՝ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն՝ վերականգնողական բուժման կարիք ունեցող քաղաքացին ինքն է ընտրում  բուժհաստատությունը, իսկ  կառավարությունը կվճարի այդ բուժման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հասատատել է նաեւ պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների եւ սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Որոշման նպատակն է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների  առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական կրթական ծրագրի, բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ կլինիկական օրդինատուրայի սովորողներին: Սովորողներին տրվում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստի ընդունած աջակցության միջոցառումների վերաբերյալ որոշումներին, նշել է, որ դրանք եւս վերաբերում են  նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզին: «Մենք արդեն ունենք այդպիսի  շուրջ մեկ տասնյակ որոշումներ, որոնք կապվում են ճանապարհային քարտեզի հետ: Այս որոշումներրի ընդունումը կշարունակվի, որովհետեւ արդեն նախագծեր կան շրջանառության մեջ, եւ ինչպես ասել ենք, հետեւողականորեն առաջ ենք գնալու այս ճանապարհով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

 

 

 

 

ՀԵՏ Է ՎԵՐՑՎԵԼ

Որոշում է կայացվել ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 7 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել եւ ամրացնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Այն հետագայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կա՛մ այլ գերատեսչության կամրացվի, կա՛մ կօտարվի:

 

 

1174 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ը` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3504 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 539337 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1174 նոր դեպք եւ 1350 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2416 (ավելացել է եւս 23-ով) դեպք: Արձանագրվել է նաեւ մահվան 5 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 606 է: Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

 

 




Լրահոս