ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Խոսքը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում արված մի հայտարարության մասին է, որով նա անդրադարձել էր ՀՀ վարչատարածքային մասին օրենքին՝ ընդունված 2010 թվականին՝ չորրորդ գումարման խորհրդարանի կողմից: Նա հայտարարեց, թե Հայաստանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որն էլ ընդունվել էր 2010 թվականին։ Նրա խոսքով՝ օրինակ՝ Խնձորեսկ, Տեղ համայնքների վարչական սահմանների նկարագրությունը ներառում է նաեւ Ադրբեջանի հետ սահման:
«Այդ օրենքն ընդունել է 2010 թվականի խորհրդարանը, օրենքի նախագիծը ներկայարցրել է 2010 թվականին գործող կառավարությունը։ Եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010 թվականին ընդունած օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք։ Եթե էդ սահմանը ճանաչելն էսօր դավաճանություն է, 2010 թվականին առավել եւս դավաճանություն էր»,- նշեց նա եւ կոչ արեց պարզաբանում ստանալ նաեւ այդ ժամանակ Սյունիքի մարզի պատգամավորից:
Գրել էինք՝ այդ օրենքում հանդիպում ենք նաեւ այսպիսի ձեւակերպումների, օրինակ՝ Խնձորեսկ համայնքի մասին նկարագրության մեջ կարդում ենք. «Խնձորեսկ-պետական սահման՝ Ադրբեջանի Հանրապետություն», եւ նշվում է, որ այդ հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Նման պատկերի ենք ականատես լինում նաեւ այս նույն տարածքը քարտեզով դիտարկելիս: Իսկ, ահա, Խոզնավար համայնքի նկարագրության մեջ էլ կարդում ենք, որ կրկին այդ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ. նույն իրավիճակն է նաեւ քարտեզը դիտարկելիս:
Նկատենք՝ այդ օրենքն առաջին անգամ ընդունվել էր 1995 թվականին, ապա փոփոխություն կատարվել 2010 թվականին: ՀՀ վարչատարածքային բաժանման մասին 1995 թ-ի օրենքն է, սա նույն՝ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում լրացումների ու փոփոխությունների մասին 2010 թ. օրենքն է: Եվ թեեւս շատերը պնդում են, թե սա ընդամենը վարչատարածքային բաժանման մասին օրենք է, սակայն նկատենք, որ 1995 թվականին ընդունված առաջին փաստաթղթում Ադրբեջանի մասին որևէ հիշատակում չկա, իսկ երկրորդում «Ադրբեջանի հանրապետություն» արտահայտությունը կիրառվում է 320 անգամ, ինչպես նշվեց վերը:
Եւ հետաքրքիր է, որ այս օրենքի ընդունումից 11 ամիս անց՝ 2011-ին տեղի ունեցավ Կազանի հանդիպումը: Ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների’ երկու տասնյակից ավելի հանդիպումներից եւ ոչ մեկը չէր եղել այս աստիճան գովազդված, ինչքան Կազանում կայացած հանդիպումը:
Եվ այսպես, Կազանում ոչինչ չստորագրվեց, իսկ տարածված հայտարարությունն ընդամենն այն փաստի արձանագրումն էր, որ բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափով դեռ երկար ժամանակ կշարունակվի: Կազանի փաստաթուղթն, ըստ էության, Մադրիդյան սկզբունքներն են՝ որոշակի փոփոխությունների ենթարկված: Կազանի փաստաթուղթը բաղկացած էր 14 կետից և ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում, ինչպես նաև նրա հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը` Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքով: Մյուս սկզբունքները վերաբերում էին երկու կողմերի փախստականների վերադարձին, միջանկյալ կարգավիճակին, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգտությունն ու ինքնակառավարումը, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիկքներին` համաձայնագրի կատարումն ապահովելու համար:
Նաիրա Հովհաննիսյան