Արցախի ԱԳՆ-ն կարևորել է Եվրախորհրդարանի բանաձևերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի արտգործնախարարությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

«Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում», – ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն նաև կարևորել է բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: «Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանը նաև առանձին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել օտարերկրյա զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:

Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ», – նշում է ԱԳ նախարարությունը` հավելելով` համամիտ են Եվրախորհրդարանի տեսակետի հետ, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել:




Լրահոս