ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը չի հետևում կանոնակարգին. քննիչ հանձնաժողովը՝ տապալված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Դեռ 2020 թվականի աշնանը պետք է խորհրդարանում ներկայացվեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն մինչեւ այժմ այն չկա, եւ ստացվում է՝ հանձնաժողովը ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե ոչ միայն գոյություն չունի, այլեւ անիմաստ աշխատանքով է զբաղված եղել:

Նախ՝ նշենք՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թվականի մայիսի 31-ին վեց ամիս ժամկետով: Ապա արդեն դեկտեմբերի 10-ին, միաձայն քվեարկությամբ, երկարացվեց քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ գործունեության ժամկետն ավարտվել էր, սակայն հանձնաժողովը չէր ավարտել աշխատանքները։

Իսկ, ահա, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն. «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով»: Նույն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝
1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից,
2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչ այդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:

Սա էլ իր հերթին ենթադրում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները վաղուց ավարտված են, սակայն զեկույցն այդպես էլ չկա։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է ներկայացվի զեկույցը. «Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները», ապա՝ «Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»:

Սակայն այս ընթացքում զեկույց չի ներկայացվել գոնե ԱԺ հերթական նիստում: Սա ակնհայտ օրենքի խախտում է, եւ աներկբա է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի կարողանում պահպանել եւ պաշտպանել «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հինգերորդ հոդվածն էլ սահմանում է. «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը»:

Այսինքն՝ չնայած աշնանը պետք է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացվեր ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հենց Արարատ Միրզոյանին եւ քննարկվեր այն ԱԺ լիագումար նիստում, սակայն դա տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանն իր պաշտոնեական պարտականությունները ի զորու չէ կատարել եւ չի ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։




Լրահոս