«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Չնայած 2021 թվականը դեռ նոր է մեկնարկել, սակայն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն արդեն մեկ անձից կատարվող գնումների է ձեռնամուխ եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նախարարությունն արդեն իսկ պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ փոստային ծառայությունների, էլեկտրականության բաշխման, ինչպես նաեւ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ մատուցելու համար: 256 հազար դրամ արժողությամբ ծառայության մասին պայմանագիրը կնքվել է «Սիլ ինշուրանս» ընկերության հետ, որի հիմնադիրը գործարար Խաչատուր Սուքիասյանն է:
Առհասարակ, վերջին շրջանում այս ընկերության հետ կնքված պայմանագրերի թիվը կտրուկ ավելացել է։ 2020 թվականին եւս նախարարությունը հենց այս ընկերության հետ էր 195 հազար 700 դրամի չափով պայմանագիր կնքել: 2020 թվականին կնքված պայմանագրերը բազմազան են եղել, սակայն մեծ տեղ են գրավել դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը, որոնք գնվել են մեկ ընկերությունից:
Խոսքը «Խաս-Խազ» ՍՊԸ-ի մասին է, որից գնումներ են կատարվել ընդհանուր 243 հազար դրամի չափով: Մեկ անգամ էլ 100 հազար դրամի չափով գնումներ են կատարվել «Անտիբակ» եւ «Արսանիտ» ՍՊԸ-ներից: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս ընկերությունը Երեւանի տարբեր վարչական շրջաններում խանութներ ունի՝ «Հազար ու մի մանրուք»-ը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։