«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվելու «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն է ԱԳՄԱ նախարարությունն է:
Նախագծով առաջարկվում է վավերացնել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Այն բաղկացած է երկու հոդվածից․ առաջին հոդվածով նախատեսվում է վավերացնել կանոնադրությունը, իսկ երկրորդով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Այսպիսով, հարցը մտնում է խորհրդարանական քննարկումների փուլ, և հանձնաժողովում դրա քննարկման արդյունքները կարող են հստակեցնել՝ ինչ ընթացակարգով է նախագիծը շարժվելու առաջիկայում։
Հատկանշական է, որ կանոնադրության վավերացման հարցը խորհրդարանական օրակարգ է մտնում այն ժամանակ, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ խաղաղության օրակարգը շարունակում է մնալ առանցքային թեմաներից մեկը։
Սոնա Գրիգորյան




























