ՖՈՏՈ. Դեռևս երեք տարի առաջ կյանքն ինձ ստիպեց դադարել երազելուց. Հայկուհի Բաբախանյանը՝ 29-ամյակի եւ իր առջեւ դրված բարդ խնդրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծննդյանս օրը շատ եմ սիրում եւ կարելի է ասել փոքրիկ երեխայի նման ամեն տարի սպասում եմ այդ օրվան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց սիրված երգչուհի Հայկուհի Բաբախանյանը, ով փետրվարի 20-ին տոնել է ծննդյան 29-ամյակը:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր տարի եւս մեկ տարով մեծանալով՝ էլ ավելի հասուն, խելամիտ եւ էլ ավելի ես ձեւավորվում, թերեւս դրա հետ մեկտեղ քաջ գիտակցում եմ, որ մեկ տարով էլ մեծացա, սակայն չեմ կարծում, որ մեծությունը, ծերությունը իրապես կապված է տարիքի հետ: Կարծում եմ, որ մարդու երիտասարդությունն իր ներաշխարհի մեջ է»,-ընդգծում է երգչուհին:

Հայկուհու խոսքով ամեն տարի նա իր տարեդարձը նշել է ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների հետ, սակայն այս տարի համաճարակը եւ երկրում տիրող իրավիճակը թույլ չտվեցին նշել այն. «Անկեղծ ասած, իսկապես սիրտ չունեի որեւէ առիթ նշելու, քանի որ ամեն ժպիտի, ամեն ծիծաղի հետ ակամայից աչքերիդ առաջ են գալիս այն բոլոր երիտասարդները, ովքեր հերոսացան հանուն  հայրենիքի: Խոնարհվում  ենք բոլորի առաջ, հավերժ փառք բոլորին»:

Երգչուհին նշում է, որ թեեւ հավաքույթ անելու մտադրություն չի ունեցել, այնուամենայնիվ եղել են շատ գեղեցիկ նվերներ եւ անակնկալներ:

«Թերեւս որեւէ հավաքույթ չէինք կազմակերպել, բայց շատ-շատ նվերներ, անակնկալներ եղան, որոնցից ուզում եմ հատկապես առանձնացնել մեկը: Մեր ընկեր Արմենը, ով նաեւ իր մասնակցությունն ունի «Հայ երգի երեկո Հայկուհի Բաբախանյանի հետ»  հաղորդմանը,  մեզ շատ մեծ անակնկալ եւ ուրախություն պատճառեց: Մի քանի օրից նրա փոքրիկը պետք է մկրտվի եւ հենց ծննդյանս օրը  նա հայտնեց, որ  իր ցանկությունն է, որպեսզի կնքամայրը եւ կնքահահայը լինենք ես եւ ամուսինս, թերեւս սա ինձ համար ամենաուրախալի եւ ամենամեծ նվերն էր ծննդյանս օրվ կապակցությամբ»,-ուրախությամբ հայտնում է երգչուհին:

Հարցին, թե ինչպիսի՞ նվերներ է նախընտրում ստանալ ծննդյան օրվա առթիվ, մեր զրուցակիցը նկատում է. «Նվերներ առհասարակ ե՛ւ սիրում եմ ստանալ, ե՛ւ սիրում եմ նվիրել, եթե  մարդուն շատ լավ եմ ճանաչում բնականաբար արդեն  գիտեմ ՝ինչ նվիրել, սակայն ինչ ինձ է վերաբերում ցանկացած նվերից կարող եմ ուրախանալ եւ ինձ շոյված զգալ, քանի որ  կարեւորը ուշադրությունն է եւ կարեւոր է, որ այն անկեղծ սրտով մատուցված լինի»:

Հայկուհի Բաբախանյանն, մեզ հետ զրույցում անկեղծանալով, նշում է, որ նա իր էությամբ երազկոտ է, բայց վերջին մի քանի տարիները երգչուհուն մղել են երազանքները վերածել նպատակների:

«Ես մշատպես երազկոտ եմ եղել, շատ սիրել եմ երազել: Երազել եմ դառնալ երգչուհի, լինել հայտնի, սիրված, գնահատված, եւ փառք Աստծո այսօր ես վայելում եմ այդ սերն ու հարգանքը իմ հանդիսատեսի եւ երկրպագուների կողմից: Երազել եմ ունենալ լավ ընտանիք, լավ ամուսին, լավ երեխաներ, սակայն դեռեւս երեք տարի առաջ կյանքն ինձ ստիպեց դադարել երազելուց, իմ առաջ դրեց բավականաչափ բարդ խնդիր, որը պարզապես պետք էր լուծել եւ ոչ թե նստել երազել, սպասել: Այդ օրվանից  ես դադարել եմ երազել  եւ բոլոր երազանքներն ինձ համար դարձել են նպատակներ: Նպատակները շատ-շատ են, կապված, թե երեխաներիս հետ, թե իմ հետագա գործունեության հետ, սակայն դրանցից առաջնային ցանկությունս այն է, որ շատ շուտ տեսնեմ ծնողներիս Միացյալ Նահանգներում, որովհետեւ շատ եմ նրանց կարոտել:

Հաջորդն այն է, որ համաճարակն ավարտելուց հետ մեծ մենահամերգ ունենամ Միացյալ Նահանգներում, որը հուսով եմ իրականություն կդառնա, այնուհետև կշրջագայենք հայաշատ քաղաքաներով եւ երկրներով»,-հավելում է Հայկուհի Բաբախանյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս