Այսօր, Ազգային Ժողովում, 15:00-ին նախատեսված էր աշխատանքային քննակում, որը կազմակերպել էր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նիստին պետք է մասնակցեին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը եւ ակադեմիական ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Քիչ առաջ տեղեկացանք, որ աշխատանքային քննարկում չի կայացել: Կապ հաստատեցինք պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց. «Ես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին քննարկում էի ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց հայրենադարձմանը վերաբերող նախագիծը, որի ընթացքում ինձ տեղեկացրին, որ ռեկտորները վախենում են գալ Աժ: Պատճառների մասին հետաքրքրվեցի ռեկտորների միության նորընտիր նախագահ, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանից, որը տեղեկացրեց, որ օրը խորհրդանշանական է՝ Մարտի 1-ն է, եւ նախատեսված է երկու հանրահավաք, ուստի ռեկտորները վախենում են մտնել խորհրդարանի շենք: Հետեւաբար խնդրել են հանդիպումը չկայանա կամ կայանա այլ վայրում: Այլ վայրում քննարկումը կազմակերպելուն ես, բնականաբար, չէի կարող համաձայնել, քանի որ ձեւաչափով նախատեսված էր խորհրդարանական աշխատանքային քննարկում: Հետեւաբար իմ կամքից անկախ պատճառներով եւ ռեկտորների որոշման արդյունքում, նաև իրենց համար կարեւորագույն հարցի քննարկումը չկայացավ»: