ՀՀ մարզերի քաղաքներում անշարժ գույքի շուկայում հետաքրքիր պատկեր է ստեղծվել. մի քանի մարզային քաղաքներում բնակարանների գները անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատ բարձրացել են, մի քանիսում՝ նվազել:
Օրինակ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակարանի գինը 1000 դրամով բարձրացել է, իսկ Ապարանում 1000 դրամով նվազել, Թալինում մնացել է նույնը՝ մեկ քմ-ն 73 հազար 200 դրամ: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում դեկտեմբերին մեկ քմ-ն 129 հազար 50 դրամ է կազմել, իսկ նոյեմբերին՝ 128 հազար 500 դրամ, այս դեպքում թանկացումը կազմել է 550 դրամ: Արարատի մարզի բոլոր քաղաքներում է բարձրացում արձանագրվել:
Արմավիրի մարզում եւս բնակարանների գները բարձրացել են. օրինակ Էջմիածնում բնակարանի մեկ քմ-ն 160 հազար 200 դրամից թանկացել է՝ դառնալով 161 հազար 500 դրամ: Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում հակառակը 200 դրամով է էժանացել բնակարանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սահմանամերձ մարզերում բնակարանների գներն են նվազել: Սա, ըստ ամենայնի պատերազմի թողած հետեւանքն է. մարզային այս քաղաքներում բնակարանների պահանջարկը նվազել է, մարդիկ անհանգստացած են եւ չեն շտապում սահմանամերձ քաղաքներում բնակարաններ գնել:
Արձանագրենք, որ վերջերս սահմանամերձ դարձած Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքներում էլ բնակարանների գները նվազել են: Նույն պատկերն է նաեւ Սյունիքի մարզում. այստեղ եւս բնակարանների գների անկում է արձանագրվել: օրինակ Գորիսում անցյալ տարվա նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 141 հազար դրամով, իսկ դեկտեմբերին 140 հազար դրամով, Կապանում գինն իջել է 3100 դրամով: Իսկ ահա Մեղրիում մեկ ամսվա ընթացքում բնակարանն էժանացել է 1600 դրամով: Քաջարանում բնակարանի գինը նվազել է 1500 դրամով. այստեղ մեկ քմ-ն նոյեմբերին կազմել է 98 հազար դրամ, դեկտեմբերին 96 հազար 500 դրամ: Հայաստանի մյուս սահմանամերձ Տավուշում բնակարանների գները եւս նվազել են. Դիլիջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը նվազել է 1800 դրամով, Իջեւանում`1500 դրամով: Իսկ Նոյեմբերյանում բնակարանի գինը նվազել է 500 դրամով:
Մարզային ամենաթանկ քաղաքը համարվում է Ծաղկաձորը, որտեղ բնակարանի մեկ քմ-ն անցյալ տարվա նոյեմբերին կազմել է 281 հազար 300 դրամ, իսկ դեկտեմբերին 282 հազար դրամ: Այսինքն մեկ ամսվա ընթացքում հայաստանյան զբոսաշրջային քաղաքում բնակարանի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 700 դրամով:
Սյունէ Համբարձումյան