Թբիլիսիի կենտրոնում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ «պարետային ժամը» չեղարկելու պահանջով, որը երկրում գործում է արդեն մոտ 4 ամիս:
Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ հիշեցնելով, որ Վրաստանում գիշերային ժամերին (21:00-05:00) տեղաշարժվելու արգելքը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 28-ին՝ պայմանավորված համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ: Դա մեկն է ոչ մեծաթիվ սահմանափակումներից, որոնք պահպանվում են երկրում կարանտինային միջոցառումների մեղմացումներից հետո: Կարանտինային սահմանափակումները փուլ առ փուլ մեղմացնել սկսել են փետրվարի 1-ից:
Հաղորդվում է, որ մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի մոտ՝ Ազատության հրապարակում, որպեսզի կոչ անեն միջգերատեսչական համակարգող խորհրդին վերանայել կանոնները: Ակցիայի մասնակիցներիի թվում եղել են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, ակտիվիստներ և շարքային քաղաքացիներ:
Հանրահավաքի կազմակերպիչները ընդգծել են, որ իշխանություններն արգելում են Վրաստանի քաղաքացիներին տեղաշարժվել երկրի տարածքով՝ սահմանափակելով նրան սահմանադրական իրավունքները:
Պարետային ժամը խախտելու համար ֆիզիկական անձանց համար 2000 լարիի չափով տուգանք է սահմանվում, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10 000 լարիի:
Վրաստանում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 272 հազար մարդ, որից ավելի քան 3500-ը մահացել են: