Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում։ Առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հրապարակված զեկույցում Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է։
Նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 եւ 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ եւ 47-րդ հորիզոնականներում էր։ Վաշինգտոնում հիմնված հեղինակավոր The Heritage Foundation-ը Միացյալ Նահանգների հանրային քաղաքականության ազդեցիկ կառույցներից է համարվում։ Ինդեքսը կազմելիս կազմակերպությունն առաջնորդվում է երկրներում բիզնեսի, աշխատուժի, ֆինանսական, ներդրումային, առեւտրային ազատությունների աստիճանով, հարկային քաղաքականությամբ, սեփականության իրավունքի ապահովմամբ, դատական համակարգի արդյունավետությամբ, վարչական օրինավարությամբ։ 2021 թվականի զեկույցը հրապարակվում է Covid-19 համավարակի տարածման պայմաններում համաշխարհային տնտեսության համար ծանր ժամանակներում։ «Կորոնավիրուսի համավարակին հակազդելուն զուգահեռ՝ տնտեսական ազատությունն առավել կարեւոր է լինելու, քան երբեւէ», – ասվում է զեկույցում։
Հարավային Կովկասում, ըստ ինդեքսի, տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը՝ 77,2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը 38-րդ տեղում է։ Թեեւ զեկույցը հիմնականում առանձին երկրների չի անդրադառնում, սակայն անցնող տարվա նշանակալի իրադարձությունների շրջանակում առանձին նշմամբ ենթադրել է, որ հայ-ադրբեջանական վեցշաբաթյա պատերազմից հետո ստեղծված նոր իրադրությամբ պայմանավորված՝ ապագայում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հնարավորություն ունեն բարելավելու իրենց տնտեսական ազատությունները դատական արդյունավետության եւ վարչական օրինավարության տեսանկյունից։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում միայն Ղազախստանն է Հայաստանի հետ «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին դասվել. 71,1 ընդհանուր միավորով այն ինդեքսի 34-րդ հորիզոնականում է։ Միության անդամ մյուս պետություններն էականորեն զիջում են իրենց տնտեսական ազատության ցուցանիշով՝ դասվելով «չափավոր ազատ» երկրների շարքին. Ռուսաստանը 92-րդ հորիզոնականում է, Բելառուսը` 95-րդ, իսկ Ղրղըզստանը՝ 78-րդ։
«Ազատ» եւ «հիմնականում ազատ» երկրներում, ըստ զեկույցի, քաղաքացիները համաշխարհային միջինից գրեթե կրկնակի բարձր եկամուտ են ստանում, նաեւ մոտ 6 անգամ ավելի բարձր եկամուտ՝ «ճնշված» տնտեսությունների համեմատ։ Ազատ տնտեսություն ունեցող երկրների քաղաքացիները նաեւ որակյալ կրթության, առողջապահական համակարգի, մաքուր շրջակա միջավայրի ավելի մեծ հասանելիություն ունեն։ Ինդեքսում ընդգրկված 178 երկրներից, սակայն, «ազատ» համարվել են հինգը միայն, 92 երկրներ դասակարգվել են տարբեր աստիճանների ազատություն ունեցող տնտեսությունների շարքում, մինչդեռ 8 տասնյակից ավելի երկրներ միջին 61,6-ից պակաս միավոր ունեն եւ դասակարգվում են հիմնականում «ոչ ազատ» եւ «ճնշված» տնտեսությունների շարքում։
Ամենամեծ տնտեսական ազատությունն ունեցող երկրներն են, ըստ համաթվի, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան եւ Իռլանդիան։ Վատագույն եռյակում հայտնվել են Կուբան, Վենեսուելան եւ Հյուսիսային Կորեան։
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով անհետ կորածների հարցերով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել է ընդհանուր առմամբ մոտ 2 հազար 500 քաղաքացի, այդ թվում՝ 600-ը «Թեժ գծով» բացված հեռախոսահամարով: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: «Շարունակում է գործել ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոնը, որտեղ անհետ կորածների տվյալների հավաքագրման նպատակով, բացի քաղաքացիների ընդունելությունից, գործում է նաեւ «Թեժ գիծ»: Անհետ կորածների որոնման աշխատանքները կազմակերպվում են ռուս խաղաղապահ զինծառայողների կողմից՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ: Բոլոր հաղորդումները գրանցվում են, ընդգրկվում տվյալների շտեմարանում, ապա փոխանցվում որոնողական համատեղ խմբերին»,- հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
442 ՆՈՐ ԴԵՊՔ
Մարտի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164 463-ը` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744 863 թեստավորում: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Այսպիսով, երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ունենք 378 առողջացած եւ 7 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 822 է: