Սույն թվականի մարտի 18-ին ժամը 17:09-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախատանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ առողջապահության նախարարությունը:
Այնուհետև հիվանդը տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր միջոցառումները: Հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչև մարտի 19-ը ժամը 13:00:
Վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել և հանձնվել Ռուսական խաղաղապահ զորակազմին: