ԻՇԽՈՂ ՈՒԺԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ուժը դեռ հստակ չի հաշվարկել, թե երբ է հրաժարական տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սինոնյանը ենթադրում է. «Ապրիլ ամսին պետք է լինի, եթե արդեն իսկ հայտարարվել է, որ հունիսի 20-ին ընտրություններ են նշանակվել»։ Վարչապետի հրաժարականն անհրաժեշտ է խորհրդարանն արձակելու համար։ Սահմանադրության համաձայն՝ եթե վարչապետի հրաժարականից հետո՝ 2 շաբաթում, 2 անգամ անընդմեջ չի ընտրվում նոր վարչապետ, ապա ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ։

 

Որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, պարզ դարձավ երեկ կայացած Փաշինյան-Ծառուկյան հանդիպումից հետո: Մյուս խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ուժն էլ հայտնեց, որ իրենք եւս համաձայնել են հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ:

Իսկ թե որ Ընտրական օրենսգրքով են անցնելու ընտրությունները, դեռեւս անհայտ է մնում։ Ե՛ւ իշխանականները, եւ՛ ընդդիմադիրները դեռ հստակ չեն հայտնում՝ արտահերթ ընտրությունները որ Ընտրական օրենսգքրով են անցկացվելու՝ գործող, այսպես կոչված, ռեյտինգային, թե իշխող ուժի առաջարկած պարզ համամասնական ընտրակարգով։ «Իմ քայլի» առաջարկած Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը վերջերս է դրվել շրջանառության մեջ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հնարավոր է՝ գործող օրեսնգրքով կազմակերպվեն ընտրությունները, թեեւ անձամբ ինքը բացասական կարծիք ունի ռեյտինգային համակարգի վերաբերյալ. «Եթե հասկանանք, որ չի ստացվում ժամանակային առումով, ապա կարող ենք գնալ գործող օրենսգրքով։ Որովհետեւ մենք մի անգամ արդեն այդ օրենսգրքով աշխատել ենք եւ ունեցել ենք ընտրութուններ, որոնք որ որեւիցե մեկի մոտ կասկած չի առաջացրել»։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը դարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննարկման թեժ թեման: Բանն այն է, որ օրենսգրքի նախագծի ընդունման եւ չընդունման համար իմքայլականները բաժանվել են երկու թեւի: Մեր տեղեկությունների համաձայն՝ մարզերից ընտրված պատգամավորներն ամեն ինչ անում են, որ ընտրությունների գնան հին օրենսգրքով, որպեսզի ռեյտինգային ընտրակարգը չհանվի օրենսգրքից, իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշ անդամներ կողմ են, որ Ընտրական օրենսգիրքը փոխվի: Օրենսգրքի փոփոխություններին կողմ է նաեւ իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը տեւական ժամանակ է՝ աշխատում է օրենսգրքի փոփոխությունների վրա:

Օրենսգրքի փոփոխությունների կողմնակից են նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Տաթեւ Հայրապետյանը, Աննա Կարապետյանը, որոնք դեմ են արտահայտվում արտահերթ ընտրություններին գնալ ներկայիս ընտրակարգով: Ու այժմ այս հարցը դարձել է տարաձայնությունների թեմա: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ հստակ իր թիմին չի ասել, թե այս հարցում իր նպատակը որն է: Ու արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո խմբակցությունը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նրանք լծվել էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերը կարգավորելու գործին:

Այժմ սպասում են Փաշինյանի «դաբրոյին» հետագա քայլերի համար: Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքով առաջին հերթին պետք է փոխվեր ռեյտինգային համակարգը: Փաշինյանի խոսքով՝ հենց այս համակարգի շնորհիվ էին նախկին իշխանությունները կարողանում վերարտադրվել, քանի որ օգտագործում էին գործարարների, հեղինակությունների ռեսուրսները եւ հենց անձանց շնորհիվ ձայներ բերում, այլ ոչ թե գաղափարների: Սակայն, կարծես թե, Փաշինյանի սրտով է այսպիսի ընտրակարգը, եւ նա եւս որոշել է նոր ընտրությունները կազմակերպել՝ օգտագործելով հենց այդ ռեսուրսները:

Ն.Հ.

 

 

 

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պարագաներում եւ բոլոր ընթացակարգերով պատրաստ է ընտրությունների. այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Հանգուցալուծումը մոտ է, եւ մենք արժանապատիվ պետք է գնանք այդ ընտրություններին։ Ժողովուրդը լուրջ հնարավորություն ունի ձեւավորելու նոր իշխանություն եւ կառուցելու մեր երազանքների հայրենիքը»,- նշել է Մ.  Մելքումյանը։ Ըստ  նրա՝ «Հայրենիքի փրկության շարժումը» այս ընթացքում գնացել է միայն սահմանադրական ճանապարհով եւ օրենքի որեւէ խախտում թույլ չի տվել։ «Միգուցե մեր ցանկությունները եւ այն հնարավորությունները, որոնք պետք է հանգեցնեին ի վերուստ մշակված ծրագրի, չեն իրականացել։ Մենք գնում ենք անդունդի եզրով, մեկ միլիմետր այս կողմ, այն կողմ, եւ դու կարող է հայտնվես անդունդում։ Կարծում եմ՝ մենք խոհեմության ճանապարհով ենք գնացել, ստացել ենք արդյունք, հիմա ժողովուրդն իր ձայնը պետք է տա»,-ասել է նա:

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կողմից հրապարակային վիրավորանք է հասցվել Մարդու իրավունքների պաշտպանին։ Որեւէ մեկը, անկախ իր դիրքից եւ զբաղեցրած պաշտոնից, իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ՄԻՊ նկատմամբ։ Դա արգելված է օրենքով, եւ տվյալ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այս մասին հայտնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ՔՊ անդամ Սարգիս Ալեքսանյանի՝ սոցցանցի հրապարակմանը: Վերջինս  իր էջում հայհոյել է մարդու իրավունքների պաշտպանին լրագրող Փայլակ Ֆահրադյանին աջակցություն ցուցաբերելու համար եւ գրել՝ «Արշակյա՛ն ջան, լավ ես արել»:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Նազիկ Ամիրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: «Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության՝ 07.02.2001թ. թիվ 90 որոշմամբ՝ «Հայապակի» ՓԲ ընկերության՝ 573.733.000 ՀՀ դրամ արժողությամբ, 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը 145.000.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել են Նազիկ Ամիրյանին՝ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար 100.000.000, 80.000.000 եւ 70.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ կատարելու եւ, որպես սոցիալական երաշխիք, 350, 500 եւ 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 1-ին մասով եւ 193-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Սեւան համյանքի նախկին ղեկավար Ռուդիկ Ղուկասյանը, պաշտոնավարելով 2012-2016 թվականներին եւ չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2014-2015 թվականների ընթացքում շուկայականից էժան գներով համայնքապետարանի կողմից օտարել է Սեւան քաղաքում գտնվող երեք շինություններ, քաղաքապետարանում որպես քաղաքապետի օգնական ձեւակերպել իր որդուն՝ Արտուշ Ղուկասյանին, իսկ աշխատակազմի առաջատար մասնագետ՝ Հակոբ Հակոբյանին, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ: Բացի այդ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2013-2016 թվականներին ընթացքում թվով 32 փոխադրամիջոցների եւ 11 շինությունների գույքահարկի մասով արտոնություններ է սահմանել հիմնավորում չներկայացրած, նյութապես ապահովված իր մտերիմ անձանց, ինչպես նաեւ 2014 թվականի ընթացքում Սեւան քաղաքի ճանապարհների փոսալցման աշխատանքների նախագծային փաստաթղթերը կազմելու համար համայնքապետարանի բյուջեյից 9.569.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել «Նոբիլե.ԱՄ» ՍՊԸ-ին, որից յուրացրել է 6.569.000 ՀՀ դրամ գումարը, ինչի հետեւանքով ընդհանուր պետական միջոցներից յուրացվել եւ վատնվել է ավելի քան 38.000.000 ՀՀ դրամ գումար: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

ՎԻՃԱԲԱՆԵԼ ԵՆ

Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Գավառ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան փաստով: Մարտի 18-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, նշված հիվանդանոցում կեսարյան վիրահատության է ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակչուհի, 22-ամյա Աննա Խ.-ն, որի ժամանակ տղա է լույս աշխարհ բերել։ Որոշ ժամանակ անց երեխան մահացել է, ու Գավառի բժշկական կենտրոնից մարտի 18-ին ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին, որ երեխայի հարազատները վիճաբանում են։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

 

 

 

ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է  «Իմ քայլի» մի քանի պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է նաեւ սահմանել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:




Լրահոս