ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ապօրինի կերպով ռազմամթերք՝ նռնակ ձեռք բերելու, պահելու, կրելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն: Պարզվել եւ հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակիչը 2020թ. հուլիսի 07-ին հեռախոսով խոսելու ընթացքում հայհոյելու հարցի շուրջ վիճաբանել է համաքաղաքացու հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է վերջինիս եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ նախապես իր հետ վերցրած դանակով մի քանի անգամ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքերի, երկկողմանի հեմոպնեւմոթորաքսի եւ աջ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների կտրած վերքի ձեւով ծանր մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:

 

Ճանապարհին նկատելով իրենց հետապնդող ոստիկաններին` ավտոմեքենան վարող ընկերոջը հրահանգել է չենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու օրինական պահանջին եւ չկանգնել, սակայն Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում վերջինս ավտոմեքենան կանգնեցրել է, որից հետո 31-ամյա տղամարդը նախապես իր հետ վերցրած հրացանը պատուհանից պահել է ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի ուղղությամբ եւ այդկերպ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել չմոտենալ իրեն:

Իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ եւս:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ շրջանառությունն արգելված, թմրամիջոց պարունակող բույսերի՝ 31-ամյա տղամարդու կողմից աճեցնելու, ինչպես նաեւ առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու, վերամշակելու եւ պահելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ վերջինիս տանը կից այգում հայտնաբերվել է 35 հատ կանեփ տեսակի բույս, իսկ տանը՝ 1.063 գրամ հաստատուն չոր քաշով, կանաչավուն, դեղնականաչավուն երանգների մանրացված տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ եւ առանձնապես խոշոր չափերի՝ 86,36 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց, ինչպես նաեւ ապակյա խողովակաձեւ դետալ, որում առկա նյութի հետքերի բաղադրության մեջ հայտնաբերվել են կանաբոիդային շարքի ալկալոիդներ, այդ թվում նաեւ՝ թմրակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկաննաբինոլի հետքեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 273-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ռազմամթերքի ձեռք բերման վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերք հանդիսացող նռնակի ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

 

ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՆ

Ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել 2020 թվականի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետեւանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս: Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ:

 

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Ադրբեջանը նաեւ պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին եւ կալանավորված քաղաքացիական անձանց ու տեղեկություններ հաղորդի այն զինծառայողների եւ քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց կարգավիճակն անհայտ է, սակայն վերջին անգամ նրանց տեսել են ադրբեջանական կալանքի տակ»,- ասվում է կառույցի հայտարարության մեջ։

Human Rights Watch-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է. «Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում եւ՝ խոշտանգումները, նողկալի են եւ համարվում են պատերազմական հանցագործություն»: Նա ընդգծել է, որ նմանօրինակ պատերազմական հանցանքները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն:

Կազմակերպությունը զրուցել է նաեւ 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց եւ այլ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսեւորումները։ Նրանք բոլորը պատմել են երկար եւ պարբերաբար ծեծի ենթարկվելու մասին: Նրանցից մեկը հայտնել էր, որ իրեն խոշտանգել են սուր մետաղական ձողի օգնությամբ, մյուսը պատմել էր իրենց էլեկտրահարելու դեպքերի մասին, իսկ մեկ այլ նախկին ռազմագերի տեղեկացրել էր, որ անընդհատ վառվող ծխախոտով այրվածքներ են հասցրել: Տղամարդկանց պահել են նվաստացուցիչ պայմաններում, հատկապես առաջին օրերին շատ քիչ ջուր ու ուտելիք են տվել:

«Բռնությունների եւ խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները մտահոգություն են առաջացնում, որ դեռեւս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները նոր խոշտանգումների ենթարկվելու վտանգի տակ են: Ադրբեջանի իշխանությունները պետք է վստահեցնեն, որ հայ ռազմագերիներն ու մյուս կալանավորվածները, որոնք դեռեւս անազատության մեջ են, ունեն այն պաշտպանությունը, որը ենթադրում են միջազգային մարդու իրավունքներն ու հումանիտար օրենքը, որոնք ենթադրում են խոշտանգումների ու բռնությունների բացառում»,- նշել է Human Rights Watch-ը:

 

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի բնակչուհին մարտի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 1-ին, երբ աշխատանքից վերադարձել էր տուն եւ պատրաստվում էր քնել, ինչ-որ մեկը, որ հավանաբար պատուհանից էր մտել ննջարան ու թաքնվել, փորձել էր մալուխով խեղդել իրեն։ Ըստ  ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ ըստ տուժողի՝ այդ ընթացքում ինքը կորցրել էր գիտակցությունը, իսկ հանցամիտը, գործն ավարտին չհասցրած, փախել էր։ «Երեք օր վախեցել էր ոստիկանություն դիմել: Սպանության փորձի մեղադրանքով քրեական գործ է հարուցվել։ Հաղորդումից երկու օր անց տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արմավիրի Նալբանդյան փողոցի 48-ամյա մի բնակիչ։ Մարտի 6-ին կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հանգամանքները պարզվում են։ 48-ամյա տղամարդը կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ

«Ես դատարանին ներկայացրել եմ հիմնավորումները, որ առկա են եղել բավարար հիմքեր ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ մյուս ամբաստանյալների գույքերի վրա արգելանք դնելու, եւ վարույթն իրականացնող մարմինը կայացրել է այդպիսի որոշում»,-ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ, երեկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի նկատմամբ կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը: Դիտարկմանը, թե Սարգսյանի փաստաբանները նշում են, որ գույքը կալանքի տակ պահելն անիմաստ է, Մարտիրոսյանն արձագանքել է, թե պարզ է, որ պաշտպանության կողմը պետք է ներկայացնի գործի հանգամանքներն այն լույսի ներքո, որը բխում է պաշտպանության կողմի շահերից։ Այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի դեմ հիմնական վկայությունները տվել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, սակայն վերջինս մահացել է, եւ այդ դեպքում ինչ է լինելու, դատախազն արձագանքել է. «Ես այս պահին չեմ ցանկանում հրապարակել գործով առկա ապացույցները, դրանք կհետազոտվեն դատարանում, հրապարակային դատական քննություն է իրականացվում։ Գործով կան բազմաթիվ ապացույցներ, պետք է հետազոտվեն, հետազոտման արդյունքում դատարանը վերջնական որոշում կայացնի»:

 

 

 




Լրահոս