«Իմ քայլը»-ի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարվել է մանդատից. նա նոր պաշտոն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է Արարատ Միրզոյանի հայտարարությունում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն Մկրտչյանին «տեղափոխել» գործադիր մարմին: Ըստ տեղեկությունների վերջինս լինելու է սոցիալական ոլորտում, դեռևս հստակեցվում է կոնկրետ որ պաշտոնն է զբաղեցնելու: Հնարավոր է Նարեկ Մկրտչյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնի: Մկրտչյանը մեր հեռախոսազանգերին չի արձագանքում:




Լրահոս