ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին Սյունիքի մարզ ՀՀ Վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մեղրի համայնքի ղեկավարը, 2021թ. ապրիլի 21-ին տեղեկանալով ՀՀ Վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ համայնքներ այց կատարելու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցների, իրեն և իր մտերիմներին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցների և իր մերձավոր շրջապատի մի խումբ անձանց, Մեղրի և Ագարակ համայնքների մի շարք բնակիչների մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է նրանց կողմից կատարված խուլիգանական գործողությունները:
Մասնավորապես, երբ ՀՀ Վարչապետը փորձել է հանդիպումներ, շփումներ ունենալ նշված քաղաքների բնակիչների հետ, որն ուղեկցվել է լրատվամիջոցներով ուղիղ հեռարձակմամբ, Մեղրի համայնքի ղեկավարը համակարգել է խուլիգանություն կատարող անձանց գործողությունները, որի արդյունքում նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, ինչպես նաև խոչընդոտել են ՀՀ Վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ՝ առաջացնելով իրարանցում և քաշքշուկ: Այդ ընթացքում խուլիգանություն կատարող անձինք չեն ենթարկվել իրավապահ մարմինների ծառայողների օրինական պահանջներին, այլ դիմադրություն ցույց տալով՝ հրմշտել, քաշքշել և հարվածներ են հասցրել նրանց:
Նույն օրը Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, տեղեկանալով ՀՀ Վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ կատարած այցի, Մեղրի համայնքի ղեկավարի կազմակերպմամբ կատարված վերոնշյալ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ Վարչապետի կողմից Երևան վերադառնալու մասին, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպել և ղեկավարել է խուլիգանական գործողություններ, որի ընթացքում ՀՀ Վարչապետի ավտոշարասյան տեղաշարժի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջապատի նկատմամբ, հրապարակայնորեն հայհոյանքներ են հնչեցրել, խոչընդոտել մայրուղու երթևեկությանը և ձվեր նետել նույն ավտոշարասյան ուղղությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Նախաքննությունը շարունակվում է: