«ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՊՐՈՅԵԿՏԸ ՉԵՄ». ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԻՄՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում նախատեսված էր երգիչ Մգեր Արմենիայի (Մհեր Մեսրոպյանի) «Ազգի ձայնը» կուսակցության հիմնադիր համագումարը, սակայն ուշագրավ է, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարին գրեթե մարդ չկար. ներկաներին եւ նրա անդամներին անգամ կարելի էր հաշվել մատների վրա:

 

Ի վերջո, ինչո՞ւ երգիչը որոշեց զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, եւ ի՞նչ հույսեր ու ակնկալիքներ ունի: Այս հարցերի պատասխանները  ArmLur.am-ը փորձել է ստանալ հենց երգչից:

-Մհե՛ր, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

-Այսօր այնպիսի իրավիճակ է մեր երկրում, որ յուրաքանչյուրս մեր ձայնը պետք է բարձրաձայնենք եւ վերջ տանք այս կատաստրոֆիկ վիճակին, որի մեջ հայտնվել է ամբողջ ազգը: Սա մեզ համար շատ կարեւոր է:

-Մհե՛ր, առաջիկա արտախորհրդարանական ընտրություններին մասնակցում են բավականին հայտնի կուսակցություններ. Դուք ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել նման հայտնի կուսակցությունների ստվերում:

-Կուսակցաշինությունը եւ, ընդհանրապես, կուսակցությունները շատ-շատ են, բայց մենք իրականացնելու ենք այն ծրագրերը որոնք մտահոգում են ժողովրդին, եւ վստահ ենք, որ մեր յուրաքանչյուր ներկայացված ծրագրից հետո կստանանք մեր ազգի ձայնը: Քաղաքացիները հիասթափված են եւ այլեւս չեն վստահում քաղաքական գործիչների: Ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում քաղաքացիների հետ, ստանում եմ նամակներ, ես գիտեմ մեր հայրենակիցների վիճակը, եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մարդկանց մարած հույսը նորից վերականգնենք: Մեր այսօրվա քաղաքական կյանքից է կախված բոլորիս ճակատագիրը: Մենք պարզ եւ թափանցիկ ենք, մենք ոչ մի թաքցնելու բան չունենք: Մենք միացել ենք մի շարժման՝ «Հանուն նոր միության», որը գլխավորում է Հայկ Բաբուխանյանը, եւ մենք միասին պետք է ստեղծենք Ռուսաստանի հետ միութենական պետություն, վերականգնենք այն հարաբերությունները, որոնք տապալել են այս իշխանությունները:

-Այսինքն՝ Հայաստանի ապագան տեսնում եք միայն Ռուսաստանի Դաշնության հե՞տ:

-Մենք տեսնում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնում, որը այս իշխանությունների օրոք ոտնահարվեցին եւ ոչնչացվեցին. առաջին կարեւոր  քայլը դա է, հետո նոր կսկսենք համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ:

-Մհե՛ր, շատերը Ձեզ համարում են նախկին իշխանությունների պրոյեկտը, Ձեր անձը կապում են լուսահոգի Ռիտա Սարգսյանի անվան հետ: Դուք ինչպե՞ս եք արձագանքում այդ քննադատություններին:

-Ես իմ ամբողջ կյանքը աշխատել եւ զբաղվել եմ մշակութային գործունեությամբ: Իմ ազգն ինձ ճանաչում է որպես երգիչ, արտիստն իր էությամբ այնպիսի մարդ է, որ շփվում է բոլորի հետ, բայց նախկին իշխանությունների հետ ես որեւէ գործ չունեմ, չեմ եղել կուսակցության անդամ, եթե անգամ եղել են քարոզարշավներ, մասնակցել եմ որպես արտիստ:

-Կուսակցություն հիմնելը, քարոզարշավներ կազմակերպելը բավականին միջոցների հետ են կապված: Ո՞վ է Ձեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերում:

-Այդ հարցը հետաքրքրում է գրեթե բոլորին, թե ինչ ձեւով եմ ես սկսել իմ քաղաքական գործունեությունը: Այս պահին, կարծում եմ, այնքան էլ էական  չէ, թե որտեղից են գալիս իմ ֆինանսական միջոցները. կան մարդիկ, ովքեր հավատում եւ սատարում են մեր ծրագրերին:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԹԱՐԳՄԱՆՎԵԼ Է ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ

Թուրք պրոֆեսոր, տասը գրքի հեղինակ Թաներ Աքչամը «Խայտառակ արարք» աշխատանքում անդրադառնում է Հայոց ցեղասպանությանն ու թուրքերի պատասխանատվության հարցին: Պատմաբանը ծավալուն ուսումնասիրությունից հետո ներկայացնում է մանրակրկիտ մշակված, օսմանյան եւ այլ աղբյուրների առատությամբ աչքի ընկնող աշխատություն, որը նաեւ թուրքական իշխանությանն ուղղված մեղադրանք է:

 

Գիրքը, որը  հրատարակել է  «Newmag»-ը, թարգմանվել է հայերեն: Այն ընթերցողին ներկայացվեց ապրիլի 21-ին Հայ բարեգործական ընդհանուր միությունում:

«Այս նյութերը եւ դրանց թարգմանությունը կարեւոր են, քանի որ հայերի ցեղասպանության մասին յուրաքանչյուր նոր գիրք նոր փաստեր է վեր հանում, մեզ՝ հայերիս, եւ մեր բարեկամներին ողջ աշխարհում զինում է փաստերով եւ փաստարկներով՝ լռեցնելու այն ձայները, որոնք փորձում են մոռացության տալ Հայոց ցեղասպանության հարցը»,- նշել է գրքի թարգմանիչ Լիլիթ Թութխալյանը:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի խոսքով՝ Աքչամը գիրքը գրել է՝ նպատակ ունենալով պայքարել Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ, եւ նա օգտվել է հիմնականում օսմանյան փաստաթղթերից: «Աքչամը շատ բծախնդիր է եղել, պրպտել է բոլոր հասանելի նյութերը՝ մեջլիսի արձանագրությունները, ռազմական փաստաթղթերը, հուշագրությունները եւ այլն: Այսպիսով, գիրքը դարձել է հզոր զենք Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ»,- շեշտել է թուրքագետն ու հավելել, որ գիրքը բաղկացած է երեք մասից:

Առաջին մասում նկարագրվում է, թե ինչպես է դեռեւս նախաերիտթուրքական շրջանից հասունացել Հայոց ցեղասպանության որոշումը, երկրորդ մասում ներկայացվում է բուն ցեղասպանությունը, փաստերով ապացուցվում, որ այն կազմակերպվել եւ իրականացվել է պետական մակարդակով, իսկ երրորդ մասում ներկայացվում են Հայոց ցեղասպանությունից հետո հանցագործներին պատժելու համար արված փորձերը, նշվում, թե ինչու են այդ փորձերն անհաջողության մատնվել:

«Խայտառակ արարք» գրքում Աքչամը նաեւ հետաքննում է կարեւորագույն հարցը, թե ինչպես է Թուրքիան  խուսափել պատասխանատվությունից՝ օգտագործելով տարածաշրջանում գերտերությունների շահերի բախումը, մեղավորներին պատժելու համար միջազգային հանրության ոչ համարժեք փորձերը եւ թուրք ազգայնականների առաջնահերթությունները:

Ըստ The New York Times Book Review-ի՝ «Խայտառակ արարք» գիրքը տպավորիչ աշխատանք է, որը  լույս է սփռում Օսմանյան կայսրության իրագործած հայերի ցեղասպանության ու տեղահանության վրա:

 

12 ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն անցկացվել են 12 հանդիպումներ: «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 114:118 հաշվով պարտվել է «Ֆիլադելֆիային»: «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստեֆեն Կարին վաստակել է 18 միավոր եւ ընդհատել ռեկորդային շարքը: Նա դիպուկ է իրացրել 3 միավորանոց 14 նետումներից միայն երկուսը: Նախորդ 11 խաղերում ամերիկացին գրանցել էր 3 միավորանոց 78 դիպուկ նետում՝ սահմանելով NBA-ի ռեկորդ: Սկսած մարտի 17-ից՝ Կարին բոլոր խաղերում վաստակել էր նվազագույնը 32 միավոր: Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

 

ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿՄՆԱ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր պաշտոնում կմնա նաեւ հաջորդ մրցաշրջանում: Այդ մասին հայտարարել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: «Չեմ կարող «Ռեալն» առանց Զիդանի պատկերացնել հաջորդ մրցաշրջանում»,-ասել է Պերեսը: Հիշեցնենք, որ 48-ամյա մարզիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-ի ամառ: Զիդանը 2016թ. է գլխավորում «Ռեալը»: 2018-ի մայիսին նա հեռացել էր ակումբից, սակայն մեկ տարի անց վերադարձավ: Ֆրանսիացու գլխավորությամբ մադրիդցիները նվաճել են 11 տիտղոս:

 

ԴԱՐՊԱՍԸ ԳՐԱՎԵԼ Է

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Աստոն Վիլան» «Մանչեսթեր Սիթիի» դարպասը գրավել է հանդիպման 20-րդ վայրկյանին, երբ աչքի է ընկել շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը: «Մանչեսթեր Սիթին» 2016-ից թիմը գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ ամենաարագ գոլն է բաց թողել: Բացի այդ, դա «Մանչեսթեր Սիթիի» պատմության երկրորդ ամենաարագ բաց թողած գոլն էր Պրեմիեր լիգայում: Մանչեսթերցիներին ամենաարագ գոլը 2003-ի հունվարին խփել է «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերը՝ աչքի ընկնելով 10-րդ վայրկյանին: Հիշեցնենք, որ «Աստոն Վիլայի» դեմ արտագնա խաղում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կամային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ Է

«Յուվենտուսի» ղեկավարությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյին աշխատանքից հեռացնելու հնարավորությունը: Թուրինյան ակումբի ղեկավարությունը կազմել է այն մարզիչների ցուցակը, որոնք կարող են փոխարինել Պիրլոյին։ Ցուցակում ընդգրկվել են Հանսի Ֆլիկը («Բավարիա»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Զինեդին Զիդանը («Ռեալ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ջան Պիերո Գասպերինին («Ատալանտա»), Սիմոնե Ինձագին («Լացիո») եւ Մասիմիլիանո Ալեգրին (առանց աշխատանքի):

 




Լրահոս