Արման Թաթոյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով:

Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք`

1)սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող.
2) չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները.
3) հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով.
4)արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքներ կամ այլ վիրավորանք կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները` պատճառաբանելով, թե կարևորն իրենք գոհ են նրանց աշխատանքային պարտականությունների կատարումից կամ էլ, թե դրանով զբաղվելն իրենց գործառույթը չէ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ուղարկվել նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ:
Սոցիալական ցանցերում լարվածությունը վտանգավոր չափերի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը:

Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով խոչընդոտում են պետության այդ խնդրի լուծմանը, միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը հասարակությունում:
Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա:

Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի:
Այս հաղորդումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուղարկելը պայմանավորված է հատկապես նրանով, որ խոսքը պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող արարքների մասին է:

Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներն իրենց պահվածքով վնասում են մեր պետության մարմինների հեղինակությունը:
Այս հարցերով վերջերս դիմել էի նաև ՀՀ իրավապահ մարմիններին` Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն, այդ թվում` կապված հանցագործությունների դեմ պայքարի, դրանց կանխման ու նախականխման նրանց կարևոր գործառույթների հետ:

Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային իշխանության ոլորտում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն համերաշխության համար, իրենք են առաջնահերթ պարտավոր բացառել մարդու արժանապատվությունը վիրավորող, բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք, առավել ևս այդ արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում:




Լրահոս